ՆԱՏՕ երկրները քննարկում են Ուկրաինային ռազմական աջակցություն տրամադրելու վերաբերյալ 70 միլիարդ եվրոյի չափով նոր պարտավորություն ստանձնելու հնարավորությունը։
Ինչպես հաղորդել է Politico-ն՝ հղում կատարելով դաշինքի դիվանագիտական աղբյուրներին, համապատասխան նախաձեռնությունը կարող է ներկայացվել հուլիսին Անկարայում կայանալիք ՆԱՏՕ գագաթաժողովում։
Առաջարկը ներկայացրել է Գերմանիան, այն նախատեսում է ոչ միայն միջոցների հատկացում, այլև թափանցիկության նոր մեխանիզմի ստեղծում, որը թույլ կտա ավելի ճշգրիտ հաշվառել առանձին պետությունների ներդրումը Կիևին աջակցության գործում։ Դիվանագետների խոսքով՝ դաշինքի որոշ երկրներ կարծում են, որ ներկայում Ուկրաինայի ֆինանսավորման բեռը բաշխվում է անհավասարաչափ։
ՆԱՏՕ բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը հայտնել է, որ նախաձեռնության գլխավոր նպատակը Ուկրաինայի աջակցության երկարաժամկետ և ավելի արդար համակարգ ապահովելն է։
Քննարկվող ծրագրի համաձայն՝ մոտ 30 միլիարդ եվրո նախատեսվում է հատկացնել Եվրամիության կողմից արդեն համաձայնեցված՝ Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրո ծավալով երկամյա վարկային օգնության փաթեթից։ Եվս 40 միլիարդ եվրո պետք է տրամադրեն ՆԱՏՕ երկրները՝ երկկողմ պարտավորությունների շրջանակում։
Ուկրաինայի հետագա աջակցության հարցն առանձնահատուկ արդիականություն է ձեռք բերել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը գործնականում դադարեցրել է Կիևին նոր ռազմական օգնության հատկացումը։ Ներկայում Վաշինգտոնը հիմնականում Ուկրաինային սպառազինություն է մատակարարում եվրոպացի դաշնակիցների ֆինանսավորման հաշվին։
Ռազմական աջակցության թեման հուլիսի 7–8-ին կայանալիք ՆԱՏՕ գագաթաժողովի կենտրոնական թեմաներից մեկը կլինի։ Վերջերս գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեի հետ հանդիպման ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դաշնակիցներին կոչ է արել արագացնել Patriot զենիթահրթիռային համալիրների և զինամթերքի մատակարարումները՝ ընդգծելով երկրի հակաօդային պաշտպանության ուժեղացման անհրաժեշտությունը։
Միևնույն ժամանակ, եվրոպացի որոշ քաղաքական գործիչներ մտավախություն ունեն, որ համաեվրոպական վարկային փաթեթի միջոցների օգտագործումը կարող է նվազեցնել առանձին պետությունների պատրաստակամությունը Ուկրաինային լրացուցիչ երկկողմ օգնություն տրամադրելու հարցում։ Նրանց կարծիքով՝ նոր պարտավորությունները պետք է լրացնեն արդեն գոյություն ունեցող աջակցության ծրագրերը, այլ ոչ թե փոխարինեն դրանք։