Նեպալցի ուղեկցորդ Դավա Շերպան, ում մահացած էին համարում Էվերեստի վրա, պատմել է, որ իրեն հաջողվել է գրեթե մեկ շաբաթ ողջ մնալ ավելի քան 7,5 հազար մետր բարձրության վրա՝ սնվելով միայն սառույցով և գրպանում պատահականորեն գտնված մի քանի շոկոլադե սալիկներով: Այս մասին հայտնում է BBC News-ը:
57-ամյա լեռնագնացին ողջ են գտել այն բանից վեց օր անց, երբ նրան վերջին անգամ տեսել էին աշխարհի ամենաբարձր գագաթի լանջին: Այդ ընթացքում Կատմանդուում գտնվող նրա ընտանիքն արդեն սկսել էր հուղարկավորության ավանդական ծիսակատարությունները՝ համոզված լինելով, որ նա զոհվել է:
Ինքը՝ Դավա Շերպան, ընդգծում է, որ լեռան վրա չի մոլորվել: Նրա խոսքով՝ վայրէջքի ժամանակ իր թթվածնի պաշարը սպառվել է, ինչի պատճառով նա պարզապես չի կարողացել շարունակել խմբի հետ ճանապարհը:
«Չէի կարծում, թե ողջ կմնամ: Ինձ թվում էր՝ հենց այդպես էլ կմեռնեմ»,- Կատմանդուի հիվանդանոցից BBC Nepali-ին տված հարցազրույցում պատմել է լեռնագնացը, որն այժմ բուժում է ստանում ջրազրկման, ցրտահարության և կոտրվածքի դեմ:
Փրկվելուց առաջ նրան վերջինը տեսած մարդը բրիտանացի լեռնագնաց Քրիս Թրոլն է եղել։ Նա պատմել է, որ Դավա Շերպային հանդիպել է մոտ 7500 մետր բարձրության վրա գտնվող 3-րդ ճամբարի մոտ։ Ուղեկցորդը նստած է եղել իր թիկնապայուսակին ու հանգստանալուց է եղել՝ ճիշտ այնպես, ինչպես արել է նախորդ բազմաթիվ վերելքների ժամանակ։ Ավելի ներքև իջնելով՝ Թրոլն ամբողջությամբ կենտրոնացել է խմբում ծանր ցրտահարություն ստացած մեկ այլ անդամի օգնելու վրա, ինչից հետո Դավա Շերպային այլևս չի երևացել նրա աչքին։
Ինքը՝ ուղեկցորդը, պատմում է, որ թթվածնի սպառվելուց հետո գրեթե չէր կարողանում քայլել։ Առաջին երկու օրը նա ընդհանրապես ոչինչ չի կերել և գոյատևել է միայն ձյուն ու սառույց ծամելով։
«Ատամներս սաստիկ ցավում էին, բայց ուրիշ ընտրություն չունեի»,- հիշում է նա։
Ավելի ուշ տղամարդը գրպանում մի քանի շոկոլադե սալիկ է գտել, ինչպես նաև կարողացել է սառույց հալեցնել՝ ջուր ստանալու համար։ Դանդաղ վայրէջքի ընթացքում նա գլորվել է սառցադաշտային ճեղքի մեջ, որտեղ էլ մնացել է մոտ երկուսուկես օր։
Փրկությունը հասել է անսպասելիորեն։ Փոքր ձնահյուսի հետևանքով ճեղքը մասամբ լցվել է ձնով, ինչն էլ նրան թույլ է տվել դուրս սողալ այնտեղից։
«Ես կանգնեցի ձյան վրա ու հասկացա, որ կարող եմ դուրս գալ»,- պատմել է Դավա Շերպան։
Դուրս գալով թակարդից՝ նա պարաններ է գտել ու շարունակել ցած իջնել։ Մեկ այլ ձնահյուսի պատճառով նա համարյա թե կանգ է առել, սակայն նա ամբողջ գիշեր շարունակել է առաջ շարժվել դեպի ներքև։
Ի վերջո, նրան հաջողվել է հասնել բազային ճամբարի մոտակայք, որտեղ նրան պատահաբար նկատել են բնապահպանները։ Վերջիններս բարձրանալիս են եղե լանջ՝ լեռնագնացության սեզոնի փակումից հետո տարածքն աղբից մաքրելու համար։
Հենց նրանք են օգնել տեղաշարժել ուժասպառ եղած տղամարդուն, ինչից հետո նրան ուղղաթիռով տարհանել են Կատմանդու։
Այս պատմությունը մեծ արձագանք է գտել լեռնագնացների և շերպերի շրջանում։ 8K Expeditions ընկերության ղեկավար Պեմբա Շերպան տեղի ունեցածն անվանել է «իսկական ինքնափրկություն»։
«Նա ողջ մնաց այնտեղ, որտեղ դա անհնար էր։ Սա ուղղակի հրաշք է»,— հայտարարել է ընկերության ղեկավարը։
Լեռնագնացի կինը՝ Դամու Շերպան, խոստովանել է, որ կորցրել էր հույսն այն բանից հետո, երբ իրեն հայտնել էին, որ փրկարարական գործողություն իրականացնելն անհնար է։
Կատմանդուի HAMS հիվանդանոցի բժիշկների փոխանցմամբ՝ Դավա Շերպայի վիճակը կայուն է։ Ջրազրկման հետևանքները աստիճանաբար վերացվում են, և պացիենտն անհրաժեշտ բուժօգնություն է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։
Էվերեստի վերելքների այս տարվա սեզոնն ամենածանրաբեռնվածն է դարձել պատմության ողջ ընթացքում. գագաթը նվաճել է ավելի քան հազար մարդ։ 1920-ական թվականներից ի վեր վիճակագրության վարման ընթացքում լեռան վրա զոհված անձանց քանակն անցել է 300-ը։