Գիտնականները վերանայում են հրաբուխների դասակարգման ավանդական չափանիշները։ Պատճառն այն նոր հետազոտությունն է, որը փաստում է, որ հրաբուխը կարող է «քնած» մնալ ավելի քան 100 հազար տարի, իսկ հետո հանկարծակի արթնանալ։
Հրաբուխների մասին գիտության մեջ ընդունված կարգի համաձայն՝ հրաբուխը համարվում է հանգած, եթե այն չի ժայթքել վերջին 10 հազար տարվա ընթացքում (այս ժամանակահատվածը համապատասխանում է հոլոցենի դարաշրջանին)։ Սակայն Հունաստանում՝ Աթենքի մոտակայքում գտնվող Մեթանա հրաբխի ուսումնասիրությունից ստացված նոր տվյալները կասկածի տակ են դնում այս մոտեցումը։
Science Advances ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ Մեթանա հրաբուխը նախքան նորից ակտիվանալը շուրջ 110 հազար տարի եղել է կատարյալ անդորրի մեջ։ Ցիրկոնների շնորհիվ գիտնականներին հաջողվել է վերականգնել դրա պատմությունը և վերլուծել հնագույն ժայթքումներից առաջացած հրաբխային ապարներում առկա բյուրեղները։
Մասնագետների գնահատականներով՝ իր մոտ 700 հազար տարվա ակտիվության ընթացքում հրաբուխը վերապրել է 31 ժայթքում, որից հետո սկսվել է «քնի» երկարատև փուլը, և այդ ընթացքում ձևավորվել է մագմատիկ օջախը։ Որոշ ժամանակ անց համակարգը կրկին գործի է անցել, և մոտ 168 հազար տարի առաջ տեղի է ունեցել հզոր ժայթքում։
Հոդվածի հեղինակները փաստում են՝ այս տվյալները վկայում են այն մասին, որ երկար ժամանակ ժայթքումների բացակայությունը դեռ չի նշանակում, թե հրաբուխը վերջնականապես մարել է։ Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոցի (ETH Zürich) հրաբուխագետ Ռազվան-Գաբրիել Պոպայի խոսքով՝ «գլխավոր եզրակացությունն այն է, որ մեր շրջապատում գտնվող հանգած հրաբուխներն իրականում գուցե ամենևին էլ հանգած չեն»։
Հետազոտողները նշում են, որ նմանօրինակ դեպքեր հայտնի են նաև այլ տարածաշրջաններում։ Օրինակ՝ Իրանում գտնվող Թաֆթան հրաբուխը, որը նախկինում համարվում էր ոչ ակտիվ, այսօր գագաթի բարձրացման նշաններ է ցույց տալիս, ինչը կարող է վկայել երկրակեղևի տակ գազերի կուտակման մասին։ Ռումինիայում գտնվող Չիոմադուլ հրաբուխը նույնպես դիտարկվում է որպես պոտենցիալ ակտիվ, քանի որ դրա տակ մագմատիկ ակտիվության հետքեր են հայտնաբերվել։
Գիտնականներն ընդգծում են, որ նույնիսկ 10–12 հազար տարվա «լռությունը» երաշխիք չէ, որ հրաբուխը վերջնականապես մարել է։ Որպես օրինակ՝ Եթովպիայի Հայլի-Գուբբի հրաբուխը անսպասելիորեն ժայթքել է մոտ 12 հազար տարվա անդորրից հետո։
Այս ամենը հաշվի առնելով՝ մասնագետներն առաջարկում են վերանայել հրաբուխների ժամանակային չափանիշների վրա հիմնվածներկայիս դասակարգումը։ Ըստ նրանց՝ շատ ավելի ճշգրիտ ցուցանիշ է հրաբխի տակ ակտիվ մագմատիկ համակարգի առկայությունը։
Որոշ փորձագետներ նշում են, որ ապագայում հսկողության տակ պետք է վերցվեն ավելի մեծ թվով հրաբուխներ, այդ թվում՝ նրանք, որոնք ցածր ռիսկային են համարվում (հատկապես՝ խիտ բնակեցված շրջաններում)։
Հրաբխագետները նախազգուշացնում են, որ անգամ ամենախորը քնով քնած հրաբուխը կարող է վտանգավոր դառնալ, եթե դրա խորքում մագմայի ակտիվ օջախ կա։