Գերմանիայում ձերբակալել են երկու տղամարդու, որոնք ներկայացել են որպես ոստիկաններ

 Գերմանիայի արևելքում գտնվող Թյուրինգիա դաշնային երկրամասի ոստիկանությունը հայտնել է երկու տղամարդու ձերբակալության մասին, որոնք ներկայացել են որպես ոստիկանության աշխատակիցներ՝ օգտագործելով շահագործումից դուրս բերված պարեկային մեքենա, հայտնում է DW-ն։

Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը Գրայց շրջանի Լանգենվեցցենդորֆ գյուղում։ Ոստիկանության տվյալներով, ականատեսները նկատել են ոստիկանական գունավորմամբ և թարթիչ ազդանշաններով ավտոմեքենա, որի ղեկին եղել են համազգեստով երկու տղամարդիկ։

Քննությամբ պարզվել է, որ տրանսպորտային միջոցը պահպանել է ծառայողական ավտոմեքենային բնորոշ բոլոր արտաքին հատկանիշները, ներառյալ նշագրումները և լուսային ազդանշանները։ Ձերբակալվածները հագած են եղել հարևան Սաքսոնիա դաշնային երկրամասի ոստիկանության հնացած համազգեստ և իրենց մոտ ունեցել են ձեռնաշղթաներ ու հրազենի կրկնօրինակներ։

Ձերբակալությունից հետո նրանց պարտավորեցրել են հանել համազգեստը։ Տղամարդկանց նկատմամբ քրեական վարույթ է սկսվել՝ պաշտոնատար անձանց լիազորություններն ապօրինի յուրացնելու և զենքի մասին օրենսդրությունը խախտելու կասկածանքով։

Ոստիկանության տվյալներով, ավտոմեքենան հետագայում տարհանվել է տեխնիկական անսարքության պատճառով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *