
Իսրայելն աջակցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանին հարվածները երկու շաբաթով դադարեցնելու որոշմանը, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։
«Իսրայելն աջակցում է նախագահ Թրամփի որոշմանը՝ երկու շաբաթով դադարեցնել Իրանի վրա հարվածները՝ պայմանով, որ Իրանը անհապաղ բացի նեղուցները և դադարեցնի Միացյալ Նահանգների, Իսրայելի և տարածաշրջանի երկրների վրա բոլոր հարձակումները»,- ասվում է հայտարարության մեջ, որը մեջբերել է Times of Israel-ը։
Հայտարարության համաձայն՝ Իսրայելը նաև աջակցում է ԱՄՆ-ի կողմից ձեռնարկվող միջոցառումներին, որոնք ուղղված են Իսրայելի, ԱՄՆ-ի և արաբական երկրների համար «միջուկային, հրթիռային և ահաբեկչական» սպառնալիքի վերացմանը, որը ենթադրաբար գալիս է Իրանից։
«ԱՄՆ-ն հայտարարել է Իսրայելին, որ հանձնառու է առաջիկա բանակցություններում հասնելու այս նպատակներին, որոնք կիսում են ԱՄՆ-ն, Իսրայելը և տարածաշրջանում Իսրայելի դաշնակիցները»,- հայտնել է Նեթանյահուի գրասենյակը։
Ըստ հայտարարության, երկշաբաթյա հրադադարը չի տարածվում Լիբանանի վրա։