ՔՊ-ն հաղթել է և միանձնյա կառավարություն կձևավորի. Փաշինյան


Քաղաքականություն


Ընտրությունների արդյունքում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը միանձնյա կձևավորի կառավարություն, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ բոլոր քաղաքացիներին, ովքեր մասնակցեցին ընտրություններին։ 2021-ի համեմատ ստացանք ավելի մեծ թվով քաղաքացիների վստահության քվեն։ ՀՀ քաղաքացին տեր է կանգնել պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը։ Սա պատմական հաղթանակ է, որը միանշանակ ապահովելու է ՀՀ հարատևությունը, զարգացումը։ Ունենալու ենք տևական և ինստիտուցիոնալ խաղաղություն»,- ասել է նա։

Փաշինյանը նշել է, որ առաջնահերթ անելիքը քաղաքացիների պահանջն է՝ «քրեաօլիգարխիկ համակարգը վերջնականապես պետք է արմատախիլ արվի ՀՀ-ից»։ Նա նաև բացառել է ՀՀ-ում հետընտրական զարգացումները։

«Դա լինում է այնտեղ, որտեղ ընտրությունների արդյունքների կեղծում է լինում։ Ընդդիմության ձայների մեծ մասն ընտրակաշառքով ստացած են, բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ»,- հավելել է նա։

Նիկոլ Փաշինյանը կանխատեսում է «միլիարդների ներդրումային հոսքեր ՀՀ-ում, տնտեսական վերելքի տեմպերի շարունակություն՝ ԹՐԻՓՓ նախագծի, ԱԲ գործարանների բացման տրամաբանության մեջ»։

«Ունենալու ենք հազարավոր աշխատատեղեր, նոր որակի տնտեսություն, պետություն, որի վերելքը շարունակվելու է»,- ընդգծել է վարչապետը։ 

Նա նշել է, որ ոչ պաշտոնապես զրուցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *