ՌԴ ԿԸՀ ներկայացուցիչ, Հայաստանում ընտրությունների դիտորդական առաքելություն իրականացնող ԱՊՀ առաքելության անդամ Լյուդմիլա Մարկինան թվարկել է քվեարկության ընթացքում հայտնաբերված խախտումները։
Հունիսի 8-ին կայացած մամուլի ասուլիսում Մարկինան հայտնել է, որ մոնիթորինգին մասնակցել է ՌԴ ընտրական համակարգի շուրջ 30 ներկայացուցիչ, որոնք այցելել են 9 մարզերում տեղակայված ավելի քան 200 ընտրատեղամասեր։ Լյուդմիլա Մարկինան դրական է արտահայտվել անձնակազմի և տեխնիկական մասնագետների վերապատրաստման ուղղությամբ Հայաստանի ԿԸՀ-ի կատարած աշխատանքի մասին։ Դրան զուգահեռ՝ նա փաստել է բուն ընթացակարգի բարդությունը, ինչը, ընտրողների բարձր ակտիվության հետ մեկտեղ, հանգեցրել է կուտակումների։ Այն բոլոր դիտողություններն ու խախտումները, որոնք գործընկերների հետ համագործակցությամբ հնարավոր էր բավականին օպերատիվ կերպով վերացնել, վերացվել են, իսկ որոնք ոչ՝ արտացոլվել են հարցաթերթիկներում։
Լյուդմիլա Մարկինան առանձնակի ուշադրություն է դարձրել որոշ ընտրատեղամասերում զինծառայողների մեծ խմբերի առկայությանը. նրանց քվեարկության գործընթացը ՌԴ ԿԸՀ ներկայացուցիչը համարում է բավականին բարդ, իսկ վերահսկողության հնարավորությունները՝ անբավարար։ Նրա խոսքով՝ սա նուրբ հարց է և նույնպես կարող է որոշակի կասկածներ հարուցել քվեարկության բոլոր ընթացակարգերի պահպանման վերաբերյալ։ Թերությունների թվում նա նշել է այն, որ դեռևս հնարավորություն չի ընձեռվել խոցելի կատեգորիայի անձանց քվեարկության համար, քանի որ նրանք ֆիզիկական վիճակի պատճառով չեն կարողանում ներկայանալ ընտրատեղամաս։
Ինչ վերաբերում է ձայների հաշվարկի ընթացակարգին, ապա այն բավականին խրթին է և անհիմն բարդացված, նկատել է Մարկինան։ «Այն տեղավորվում է Ընտրական օրենսգրքի շրջանակներում, սակայն սա հսկայական ծանրաբեռնվածություն է ընտրական հանձնաժողովների անդամների համար։ Չնայած նախապատրաստական մեծ աշխատանքին՝ հանձնաժողովների անդամները շփոթվում էին ձայների հաշվարկի և արձանագրությունների կազմման ժամանակ։ Այս ընթացակարգը, որքանով մեզ թվում է, այդքան էլ լավ չէր մշակված»,- նշել է ՌԴ ԿԸՀ ներկայացուցիչը։
Լյուդմիլա Մարկինան հայտնել է նաև մի միջադեպի մասին. «Ծայրաստիճան բարդ դեպք է գրանցվել Արմավիրի մարզում, երբ դիտորդական խմբի անդամները թերություններ են հայտնաբերել հանձնաժողովի աշխատանքում։ 16/25 տեղամասում առանց բեյջերի անձինք մոտեցել են և առաջարկել ոչնչացնել դիտարկման ակտը։ Այն մարմինները, որոնք տեղամասի տարածքում իրականացնում էին հասարակական կարգի պահպանություն, անգործության են մատնված եղել»,- հայտնել է Մարկինան՝ հավելելով, որ դիտորդները վերադարձել են Երևան։ Բարդություններ են եղել նաև քվեարկության և հաշվարկի գործընթացում։ «Ընտրատեղամասերում բավականին մեծ թվով վստահված անձինք կային, և առաջին հերթին պետք է հաշվի առնվի հենց նրանց տված գնահատականը»,- հիշեցրել է Մարկինան։ Եզրափակելով խոսքը՝ նա շնորհավորել է Հայաստանի ժողովրդին կատարած ընտրության առթիվ՝ հավելելով, որ դա բացարձակապես պետության ինքնիշխան գործն է։