Եվրամիությունը ոչ մի կերպ չարձագանքեց Հայաստանում խորհրդարանական ընտրություններից առաջ տասնյակ ընդդիմադիր քաղաքական գործիչների ձերբակալություններին․ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։
Նա պնդել է, որ Եվրամիությունը դրանով իսկ ցուցաբերել է երկակի չափանիշներ։ Խոսնակն ընդգծել է, որ օրենքի գերակայությունը և հաշվետվողականությունը պետք է հավասարապես հարգվեն ինչպես Երևանում, այնպես էլ Վաշինգտոնում և Թբիլիսիում։
«Մեր տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը մեծ նշանակություն ունեն մեզ համար։ Վրաստանը չի կարող դա միայնակ ապահովել։ Կարևոր է, որ տարածաշրջանի յուրաքանչյուր երկիր հավատարիմ լինի այս սկզբունքներին», – նշել է Պապուաշվիլին։
Նա նաև հաջողություն է մաղթել Նիկոլ Փաշինյանին և նրա կուսակցությանը։
«Տարածաշրջանում առկա դինամիկան, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի հասնելու ուղին, սահմանների բացումը և մեր երկու հարևան երկրների միջև շարունակվող երկխոսությունը մեծ նշանակություն ունեն մեզ համար», – հավելել է Պապուաշվիլին։
Ըստ խոսնակի՝ Փաշինյանի խոստումները նպատակ ունեին ապահովել խաղաղություն և կայունություն Հայաստանում։
«Ի վերջո, սա նշանակում է խաղաղություն և կայունություն ամբողջ տարածաշրջանի համար։ Եվ սա, իր հերթին, կնպաստի տարածաշրջանի յուրաքանչյուր երկրի և յուրաքանչյուր ժողովրդի բարեկեցությանը», – ընդգծել նա։