Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադն ապրիլի 14-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան: Ինչպես տեղեկացրին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից, նախարարին ուղեկցել են ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին և այլ պաշտոնատար անձինք: Հյուրերին դիմավորել և այցի ընթացքում ուղեկցել է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը:
Բենժամեն Հադադը ծաղկեպսակ է դրել հուշահամալիրի պատին, ապա պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ, մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Պատվիրակությունը շրջել է հուշահամալիրի տարածքում, դեսպան Օլիվիե Դըկոտինյինի առաջարկով մոտեցել Հուշապատին, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Հյուրերը կանգ են առել Անատոլ Ֆրանսի և Լուի Դարթիժ դյու Ֆուռնեի հուշաքարերի մոտ:
Այնուհետև պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան, էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Բենժամեն Հադադը գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում, հետո շրջել նաև թանգարանի վերջին սրահում՝ բացօթյա ներքին բակում, որի կիսաշրջանաձև, տասներկու հավասար հատվածների բաժանված բազալտե պատի վրա փորագրված են ակնառու պետական գործիչների, դիվանագետների, գիտնականների, գրողների` Հայոց ցեղասպանությունը դատապարտող խոսքերը:
Վերջում ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը պարոն Հադադին է նվիրել ՀՑԹԻ ֆրանսերեն պատկերագիրք և Ռայմոնդ Գևորգյանի «Հայոց ցեղասպանությունը և դրա հետևանքները» գրքույկը: