
Ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները դեռ խիստ նախնական են։ Հայտնի է, որ Փաշինյանը 50% ձայն չի կարողացել հավաքել։ Ըստ ԿԸՀ հրապարակած մի աղյուսակի, ԲՀԿ-ն անցնում էր խորհրդարան, մեկ այլ պահին՝ աղյուսակում փոփոխություններ են հայտնվել՝ չի անցնում։ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանի» ձայները 25%-ի չեն հասնում, «Հայաստան» դաշինքինը՝ 10%-ի։ 14 կուսակցություն միասին փոշիացրել են 10%-ից ավելի ձայն, յուրաքանչյուրը ստանալով 0,1%-ից մինչեւ 2% միջակայքում ինչ-որ ձայներ։
Սա շատ մոտավոր եւ նախնական պատկեր է, քանի որ ընդդիմությունից դեռ հայտարարություններ չեն հնչել, հայտնի չէ ԿԸՀ-ից անհասկանալի ուշացումներով թարմացված եւ հրապարակված քվեարկության արդյունքները` ըստ տեղամասերի, վերջնահաշվում որքանով են ճիշտ կամ սխալ, դրանք վիճարկվե՞լու են, ընդունվելո՞ւ են, վերաքվեարկվելո՞ւ են, թե՞ ինչ։ Այսօր մինչեւ 18:00 եւ վաղը մինչեւ 11:00-ն ընտրատարածքային հանձնաժողովներն ընդունում են տեղամասային քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմումներ։ ԿԸՀ-ն ընտրություններին մասնակցած ուժերին հորդորեց եթե ունեն կասկածներ, անվստահություն՝ հրապարակված արդյունքների նկատմամբ, վերահաշվարկի դիմումներ ներկայացնեն։ Հավատացրին, որ իրենք մեկառմեկ ստուգելու են ԿԸՀ ներկայացվող ՏԸՀ արձանագրությունները, եւ ջնջումներով, անճշտություններով արձանագրություններ հանդիպելու պարագայում ԿԸՀ-ն սեփական նախաձեռնությամբ այդ տեղամասերում վերահաշվարկ կիրականացնի։ Արդեն տեղեկացանք, որ ԲՀԿ-ն դիմել է` վերահաշվարկի պահանջով: Այսինքն, այս պահին դեռ հունիսի 7-ի ընտրությունների մոտավոր պատկերն ունենք։
Սակայն այդ մոտավոր պատկերի մեջ ինչ-որ մեկը ինչ-որ բանաձեւերով արդեն հաշվարկում է, թե որ ուժը քանի մանդատ կստանա ապագա խորհրդարանում։ Մասնավորապես հաշվարկվում է, թե խորհրդարանում կլինի 105 պատգամավոր եւ ՔՊ-ն կունենա 61 մանդատ՝ ԲՀԿ-ի խորհրդարան անցնելու դեպքում։ Ապրիորի համարենք, թե ճիշտ թվերի հետ գործ ունենք։ Ե՞վ… հաշվարկին հաջորդում է դասախոսություն այն մասին, թե ՔՊ-ին ընդամենը քանի մանդատ չի բավարարի 3/5 մեծամասնության համար, այնուհետեւ 2/3 մեծամասնության համար…
Մինչդեռ այդ հաշվարկն իրականցնողի մտքով չի անցնում նախ իրեն հարց տալ, թե ՔՊ-ն` իր ենթադրյալ 61 մանդատով, երբ ցանկացած ամենասովորական օրինագիծ անցկացնելու համար նավազագույնը 53 կողմ ձայն է հարկավոր լինելու (եթե ճիշտ է հաշվարկվել, որ հաջորդ խորհրդարանում լինելու է 105 պատգամավոր), քանի՞ օրինագիծ է կարողանալու ԱԺ-ում անցկացնել։ Գործնականում պատահո՞ւմ է, որ որեւէ օր ԱԺ որեւէ խմբակցության բոլոր պատգամավորները դահլիճում լինեն։ Նման ներկայության համար շաբաթներով գրեթե զորահավաքի միջոցառումներ պետք է գործի դրվեն, որպեսզի խմբակցության բոլոր պատգամավորներն ԱԺ-ում ապահովվեն։ Չէ՞ որ խորհրդարանական նիստերի ցանկացած օր մի քանի պատգամավոր պարտադիր միջազգային գործուղումների են մեկնում, ոմանք հանդիպումների պատճառով ենբացակայում, այլոք` առողջական կամ այլ պատճառներով։ ՔՊ-ն որքա՞ն ժամանակ, քանի՞ անգամ է կարողանալու 61 հոգու ներկայություն ապահովել։ Պարզ չէ՞, որ ընդամենը 6-7 պահեստային ձայն ունեցող ՔՊ-ն ամեն քայլափոխի դիմահարվելու է նվազագույն ձայներ ապահովելու խնդրին։ Նախընտրական քարոզչության լկտիություններից հետո էլ դժվար թե ՔՊ-ն կարողանա ընդդիմադիրների համագործակցության վրա հույս դնել։
Այնպես որ ՔՊ-ին չբավարարող ձայները հաշվելուց առաջ, նախ ամենօրյա չբավարարող ձայներն ու դրա հետեւանքներն է պետք տեսնել։ Իսկ ընդհանրապես հարկ է սպասել գոնե մինչեւ ընդդիմադիր ուժերի հայտարարություններ մինչեւ վերհաշվարկների տվյալներ, նոր՝ հրապարակավ մտացածին մանդատներ բաշխել։