Հիասթափություն՝ էքստազի փոխարեն. Կալուգացի Սամվելի բրեժնևյան ոճը

Հռչակավոր առակագիր Եզոպոսը
մի առակ ունի առյուծի մորթի հագած երկարականջ կենդանու, նույն իր՝ ավանակի, եթե կուզեք՝
էշի մասին։ Ուրեմն էշը՝ ավանակը, էլի, պատահմամբ առյուծի մորթի է գտնում ու որոշում
է հնարամտության դիմել՝ քաշել վրան ու իրեն առյուծ երևակայելով շրջել ագարակով, վախեցնել
ընտանի կենդանիներին։ Հետո, ոգևորված իր հաջողությունից  ու թողած  տպավորությունից, էս մեր էշը որոշում է անտառ մտնել
ու վայրի գազաններին էլ վախեցնել իր կեղծ, բայց ահարկու ձայնով։ Վայրի կենդանիներից
ոմանց  սիրտն էլ է դող ընկնում էշի հանած ահարկու
ձայներից։  Տեսնելով նրանց սարսափը՝ առյուծի
մորթով էշը չի դիմանում ու հրճվանքից սկսում է
․․․ էշի պես զռռալ։ Աղվեսը, որ կենդանիներից ամենա․․․ «շուստրին» է, մոտենում է էշին ու ասում՝ «համոզված եղիր՝ ես
էլ կվախենայի, եթե չլսեի քո զռռոցը»։ Արդ, ի՞նչ կցուցանե առակը
կցուցանե,  որ որոշ
տգետներ շինծու ինքնավստահությամբ փորձում են ուժեղի տպավորություն ստեղծել, բայց երբ
բացում են բերաններն ու խոսում, անմիջապես մատնում են իրենց։

Այս առակը հիշեցինք, երբ նախօրեին
լսեցինք «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանի ուղերձը։ Ձևիստների խմբակը,
հիշո՞ւմ եք, ի՜նչ հանդիսավորություն, աննախադեպություն էր փորձում հաղորդել իրենց առաջնորդի
ելույթին, դրանում ասելիքին, որից պետք է բոլորն առնվազն էքստազի մեջ ընկնեին, խենթանային
հռետորական արվեստի բարձրակարգ մատուցումից,  մեկ մարդու պես հունիսի 7-ին ընտրեին իրեն՝
․․․Կալուգայի Սամոյին։  

Երբ լսեցինք ելույթը, էքստազի
փոխարեն մեզ համակեց սարսափը, ինչպես  Եզոպոսի
առակի՝ էշի առյուծանալուց  անտեղյակ հերոսներին։
Միայն թե այդ սարսափը  հիասթափությունից էր։
Ակնկալում էինք, որ ուժեղների թիմը, օգտվելով տեղեկատվական տեխնոլոգիաների նվաճումներից,
Սամվել Կարապետյանին հնարավորություն կտա օգտվել ուղիղ եթերի հնարավորությունից՝ ապահովելով
հանրահավաքի «դրայվն» ու «վայբը»։ Երբ, ասենք, մեծադիր էկրանի այն կողմից Հանրապետության
հրապարակում հանրահավաքի մասնակիցներին՝ «ժիր ու առույգ գեղջուկ մանուկներին» ու մեծահասակներին
կողջուներ ու իր ուժե՛ղ խոսքը կասեր ինքը՝ Մոնումենտում գտնվող իր դղյակի այգու կանա՜չ,
վիթխարի՜ ընկուզենու տակ նստած Սամվել Կարապետյանը։ Բայց ոչ, հնչեց տեսագրված մի ելույթ,
որտեղ իբրև Սամվել Կարապետյան ներկայացող անձը շփոթեցնելու աստիճան նման էր
ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ
Լեոնիդ Իլյիչ Բրեժնևին։ Նա էլ էր, չէ՞, Կոմկուսի համագումարների ու կամ պլանային ուղերձների
ժամանակ իր անփույթ ակցենտով պաթոսախեղդ անում սովետական ժողովուրդներին՝ ազդարարելով
«
Да здравствует могучий Советский Союз Да здравствует Коммунистическая партия Советского Союза»։  Փաստորեն, հիմա էլ Սամվել Կարապետյանն
է որոշել բրեժնևյան ոճով ազդարարել  «փոփոխությունների»
մասին՝ տարբեր հաստության  «լապշաներ կախելով»
ՀՀ ընտրողների՝ ամեն ինչ լսած, տո
․․․ նաև տեսած ականջներին։ Թե՝ կգանք, կանենք, կբերենք, կստեղծենք,
կլավացնենք կ, կ, կ, կ
․․․․

«Այսօրվա աշխարհում ուժեղ «տնտեսցյունն» է
ուժեղացնում դիվանագիտությունը և պաշտպանությունը, և մենք կունենանք ուժեղ դիվանագիտություն
և ուժեղ պաշտպանություն, պաշտպանված երկնքով, պրոֆեսիոնալ, վերազինված բանակով, որոնք
իսկապես կերաշխավորեն խաղաղությունը, ոչ թե բառերով, այլ՝ գործով»,- խրոխտ ու ազդու
հայտարարեց  Կարապետյանը՝ ձեռքը կրծքին զարկելով
ու Եզոպոսի առակի գլխավոր հերոսի պես ոգևորված ազդարարելով՝ «սրանց կեղծ, անհասկանալի
սրտիկները մենք փոխարինելու ենք իրական, հայկական սրտերով, մենք երբեք չենք մոռանալու,
որ Հայ առաքելական սուրբ եկեղեցին է մեր սիրտը, Արարատ լեռն է մեր սիրտը
․․․»։    

Ի դեպ, մեզ մոտ տպավորություն է, որ Սամվել
Կարապետյանն այսքան ժամանակ իզոլյացիայի պայմաններում է ապրել, ինչ-որ բունկերում,
տեղյակ չէ, որ 2018 թվականի ապրիլից, շուտով 8 տարի, երկրում իշխանություն է փոխվել։
Իր նկարագրած իրավիճակը՝ աղքատություն, հիվանդ «տնտեսցյուն», թույլիկ դիվանագիտություն,
պատերազմի վախ ու պառակտվածություն, անցյալի՝ Սերժ Սարգսյանի կառավարման տարիների մնացուկ
է։ Հետևապես, եթե փոփոխություն բերող, ուժեղ առյուծ էր,  թող «մի ոտ շուտ» բերեր, Սերժ Սարգսյանի օրոք, երբ
իր եղբայրը իշխանության կարկառուն ներկայացուցիչ էր, Սարգսյանին ամենամոտ կանգնած մարդը
ու կարող էր համոզել,  տուն ուղարկել երրորդ
նախագահին՝ «վլաստը» փոխանցելով իրենց՝ Կարապետյան եղբայրներին։ Այդպիսի պատմաքաղաքական
առիթներ, նկատենք, նախկինում մի քանի անգամ եղել են, ասենք՝ 2008 թվականի մարտի 1-ի
սպանդից հետո, 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, 2015-ի բուրժուա-դեմոկրատական
հեղափոխության օրերին, 2016-ի ապրիլյան պատերազմից հետո, նույնիսկ 2018-ի թավշյա հեղափոխության
օրերին, երբ Կարապետյանը կարող էր միանալ ժողովրդական շարժմանը՝ իրավիճակը սեփական
ձեռքն առնելով։ Թե՞ հիշյալ ժամանակաշրջաններում Բրեժնևի իրավահաջորդ Պուտինը հրահանգ
չէր իջեցրել ռուսական անձնագիրը գրպանում Հայաստան գնալու ու Սերժ Սարգսյանի «տոնը»
խանգարելու մասին։ Արդ, հիմա եկել, ժողովրդի կողմից ընտրված իշխանության տոնը խանգարում
են, որ ի՞նչ  անեն։    

Հա, ի դեպ, ավելի քան 6 րոպե
տևած Սամվել Կալուժսկիի ելույթում միակ ուժեղ բանը, որ արձանագրեցինք, մոնտաժողի աշխատանքն
էր։ Իրոք, ուժեղ, ոսկերչական  աշխատանք էր կատարել
տասնյակ «դուբլ» նկարահանված ելույթից նման մատերիալ ստանալու համար։ Ուժ, եռանդ ու
համբերություն հարգարժան մոնտաժնիկին, քանի որ նախընտրական քարոզչության մեկնարկից
հետո նորանոր  ուղերձներ են սպասվում։

Հեղինե Մանուկյան     

 

  

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *