«Ժողովրդին մի մեղադրեք, նա երեխա է». Անուշ Հակոբյան

«Ժողովրդին մի մեղադրեք, նա երեխա է». Անուշ Հակոբյան

Արվեստաբան Անուշ Հակոբյանը գրում է. «Ժողովրդին մի մեղադրեք:

Առաջինը՝ գոնե այս ընտրություններում նույն պատկերը չի եղել, ինչ նախորդ: Ժողովրդին մեղադրելով` մենք լեգիտիմացնում ենք խախտումները:
     Երկրորդը. Ժողովրդի ուսերին մեծ պատասխանատվություն դնել պետք չէ, ժողովուրդը սնվում է նրանով, ինչ իրեն տալիս են, լավը տաս՝ լավը կվերցնի, վատը տաս՝ վատը: Երեխայի պես:
     Եթե պատասխանատվություն ու բեռ կրող կա՝ դա մտավորականությունն է, որը միտք գեներացնող ու իրականացնող է. այդ մասին մի այլ առիթով կարտահայտվեմ:
     Գալով ժողովրդի մի մասի (ՈՉ ԱՄԲՈՂՋ ԺՈՂՈՎՐԴԻ) անընկալելի պահվածքին, որը և աչք է զարնում, կիսվեմ իմ կարծիքով:
     Ես հոգեբան չեմ, սոցիոլոգ չեմ, (ապագայում վստահ եմ, այս հարցը հոգեբանների, սոցիոլոգների և այլ ոլորտների մասնագետների գիտական լուրջ հետազոտությունների նյութ պետք է լինի), ես հիմա կիսվում եմ իմ տպավորությամբ, կարծիքով:
     1. Ամենատարածվածը՝ վախը: Դա է նաև 50 + տարիքային սեգմենտի ֆենոմենի: Այդ մարդիկ խորհրդային սերունդն են, ովքեր մանկուց մեծացել են վախի ու հոգեբանական ճնշման մթնոլորտում: Սկսած կենցաղային հարցերից մինչև ազատ կամարտահայտման վախ: Ես հիշում եմ, 90-ական թթ. իմ ծնողների սերնդից շատերը անկախության պահանջի, կամ Արցախի հարցերի մասին վախենում էին խոսել, որովհետև «կարող է մեզ հետևում են, չբռնեն տանեն»: Հիշում եմ մեր ազգական կանանցից մեկի արտահայտությունը. «Կամաց խոսեք, կարող է լուսամուտի տակ կանգնեն լսեն մեզ, բռնեն»: Վախ ոստիկանից, վախ հիվանդանոցից, վախ դատարանից, վախ խանութի սպասարկողից (կարող է ջղայնացնես՝ վատ ապրանք տա կամ չտա), վախ անհայտից: Ներկա իշխանությունները դա շատ լավ գիտեն ու այս ընտրությունների ժամանակ մասնավորապես վախեցնում էին պատերազմով (մենք չլինենք՝ պատերազմ կլինի): Ի դեպ, սահմանամերձ շրջանների՝ ՔՊ-ին տրված ձայների ֆենոմենը դրանում է: Վախ պատերազմից, պատերազմ որ լինի՝ առաջինը իրենք են հարվածի տակ, իսկ եթե ՔՊ-ն չլինի՝ պատերազմ կլինի: Ու այդ վախից պատրաստ են ամեն տեսակի զիջման, ստորացման: Ընդ որում, նման դեպքում հիմնականում «միանում է» ինքնապաշտպանական մի գործիք-իրականության աղավաղված ընկալումը. մեզ չեն ստորացնում, խաբում և այլն, դա այլ բան է (այլ պատկեր է, նախկիններն են և այլն): Երկրորդ պատճառը՝ ատելությունը այսպես կոչված «նախկինների» հանդեպ: Մարդկանց ներշնչել են, որ իրենց բոլոր նեղությունների, անգամ անձնական խնդիրների պատճառը «նախկիններն են»:
     Այստեղ գործում է «լայն մտածելու» և հոգևոր հասունության բացականությունը: Ի՞նչ նկատի ունեմ:
     2018թ.-ին, այս տրամաբանությամբ, ես առաջիններից մեկը պետք է լինեի, ով կանգնած պետք է լիներ Հանրապետության հրապարակում: Ես աշխատել էի պետական համակարգում, այնքա՛ն անարդարության էի հանդիպել, այնքա՛ն երևույթներ էի տեսել, ինչի հետ համաձայն չէի, որ առաջին միտինգավորներից մեկը պետք է լինեի, քանի որ պետք է գտած լինեի իմ` ինձ նեղացնողներից վրեժ լուծելու եղանակը: Բայց ես ոչ մի օր, ոչ մի ժամ այնտեղ չեմ եղել. ինչո՞ւ: Որովհետև դեռ այն ժամանակ, չնայած վիրավորանքիս, որպես մասնագետ թերագնահատված զգալուս, ես կարողացա տարանջատել համընդհանուր շահը և իմ անձնական ապրումները, ընկալումը հանրայինից կարևոր չհամարեցի: Ես հասկացա, որ նոր եկող ուժերին չի կարելի վստահել, ու չմասնակցեցի «հեղափոխությանը», ինչ համար մի առանձին քարկոծում էլ այն ժամանակ ստացա:
     «Նիկոլականների» երկրորդ ամենատարածված շարժիչ ուժը ատելությունն է «նախկինների» հանդեպ: Այնքան ուժգին, որ պատրաստ են համակերպվելու թուրքի ներկայությանը, պատրաստ են զոհաբերելու Արարատը, համակերպ են Հայոց Մեծ ցեղասպանության ուրացմանը, միայն թե նախկինները հետ չգան: Ես նիկոլական գիտեմ, ում տանը Ասալայի անդամների անունները տախտակին փորագրված, շրջանակված պատին կախված են, ես նիկոլական գիտեմ, ով ցեղասպանություն վերապրածի սերունդ է, և ում համար «թուրք» բառը վիրավորանք է, բայց երբ այս մասին հարց ես տալիս՝ պատասխանը մեկն է. «բա նախկինները հետ գա՞ն»:
     Այստեղ, ինչպես նշեցի, երկու գործոն է աշխատում. գիտելիքի ու անալիզ անելու, «վատը լավից տարբերելու» ունակության բացակայությունը և հոգևոր հասունության բացակայությունը. մարդը չի կարողանում վեր կանգնել իր մեջ արմատացած «обида»-ներից, ու և՛ իր անձնական ապրումները վեր է դասում ազգային շահից, և՛ արտաքին մեղավորներ է փնտրում իր անձնական խնդիրների հարցում: Սրանից ելնելով գումարվում են նաև լրացուցիչ գործոններ-նախանձը ուրիշի ունեցվածքի, գրագիտության, կարողությունների հանդեպ»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *