Սպիտակ տանից ստացվող նորությունները մատնանշում են, որ Թրամփը սահմանափակում է իր գործընկեր Նեթանյահուին, իսկ ԱՄՆ-ը հարվածների վերջին փոխանակման ժամանակ Իսրայելին ՀՕՊ աջակցություն չի տրամադրել, գրում է Responsible Statecraft-ը։
Առայժմ անհայտ է մնում՝ արդյո՞ք հաջողությամբ է պսակվել տարածաշրջանում «նոր հավասարում» սահմանելու Իրանի փորձը. մի հավասարում, ըստ որի՝ Թեհրանն առաջին անգամ կսկսի ուղղակի հարվածներ հասցնել Իսրայելին՝ Լիբանանի վրա իսրայելական հարձակման դեպքում։
Ակնհայտ է մի բան. վերջին իրադարձությունները մատնանշում են ռազմավարական լանդշաֆտում հնարավոր տեղաշարժի մասին։ Իսրայելը որոշեց արհամարհել նախագահ Թրամփի դիրքորոշումը և հարվածներ հասցրեց Իրանին։ Ընդսմին, ինչպես ըստ իրանական, այնպես էլ ամերիկյան աղբյուրների՝ իսրայելական այդ հարձակումները, ամենայն հավանականությամբ, կանխամտածված կերպով հաշվարկված են եղել այնպես, որ սահմանափակ վնաս հասցնեն։ Դա հավանաբար արտացոլում է ԱՄՆ-ի գործադրած ճնշումը, որը ձգտում էր խուսափել լայնամասշտաբ լարվածության մեծացումից։
Իրանն իր հերթին պատասխանեց Իսրայելին հասցված կրկնակի հարվածով՝ արդեն իսրայելական հարձակումից հետո։ Սակայն իրանական հարվածների երկու ալիքների պատճառած վնասի իրական չափը մնում է անհայտ՝ Իսրայելում գործող խիստ ռազմական գրաքննության պատճառով։ Արդյունքում, արտաքին դիտորդները մինչ օրս չունեն այս հարվածների փոխանակման ռազմական և ռազմավարական հետևանքների ամբողջական պատկերը։
Գլխավոր ստուգումը՝ արդյոք ձևավորվել է տարածաշրջանային նոր հավասարում, թաքնված է ոչ թե նրանում, ինչ արդեն տեղի է ունեցել, այլ նրանում, թե ինչ կլինի հետո։ Իսկ ավելի կոնկրետ՝ արդյո՞ք Իսրայելը նոր հարված կհասցնի Բեյրութին։
Նույնիսկ եթե դա տեղի ունենա, իսրայելական ղեկավարությունն այժմ ստիպված կլինի հաշվի առնել մի գին, որը նախկինում գոյություն չուներ՝ Իսրայելի տարածքին Իրանի ուղղակի պատասխանի բարձր հավանականությունը։ Տասնամյակների ընթացքում Իսրայելն օգտվում էր տարածաշրջանի մեծ մասում մանևրելու գրեթե լիակատար ազատությունից։ Նա կարող էր իր հայեցողությամբ ռմբակոծել Լիբանանի թիրախները՝ չբախվելով երրորդ ուժերի կողմից որևէ նշանակալի հակազդեցության։ Այժմ այդ կանխավարկածը կարող է սխալ դուրս գալ։
ԱՄՆ-ը տարածություն է պահպանում հակամարտությունից
Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգները հստակ հասկացրել է, որ այլևս մտադիր չէ ակտիվ մասնակցություն ունենալ Իրանի հետ Իսրայելի դիմակայությանը։ Սպիտակ տունը, օրինակ, հայտարարեց, որ այս անգամ Վաշինգտոնը չի մասնակցել Իսրայելի հարձակումներին։ Եթե դա ճիշտ է, ապա Իսրայելի համար դա նախադեպ է և ծայրահեղ տագնապալի ազդանշան։ Ուղղակի ներգրավումից խուսափելու Վաշինգտոնի ձգտումը դառնում է ավելի ու ավելի ակնհայտ, նույնիսկ չնայած այն բանին, որ նա շարունակում է աջակցել Իսրայելին այլ ոլորտներում։
Այս գործոնները միասին վերցրած մատնանշում են նոր ռազմավարական իրականության ձևավորումը։ Պատկերն առայժմ մշուշոտ է, և դեռ վաղ է պնդել, որ ստեղծվե՞լ է արդյոք զսպման կայուն համակարգ։ Շատ բան կախված կլինի Իսրայելի ապագա գործողություններից, Իրանի պատասխաններից և այն բանից, թե որքանով են երկու կողմերը գիտակցում լարվածության սրացման ռիսկերը։
Սակայն եթե Իսրայելն այժմ ստիպված է կշռադատել Իրանի կողմից ուղղակի վրեժխնդրության հեռանկարը՝ նախքան Լիբանանին հարվածներ հասցնելը, ապա տեղի է ունեցել իրոք կարևոր մի բան։ Թե որքանով տևական կամ ժամանակավոր կլինի այս փոփոխությունը՝ ցույց կտա ժամանակը։
Դիվանագիտական փակուղի. 12 միլիարդ դոլարի հարցը
Հաջորդ հարցն այն է՝ կհաջողվի՞ արդյոք այս սկզբնավորվող հավասարումը վերածել նոր ազդակի՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև դիվանագիտության համար։
Իրանցիները կարծում են, որ իրենց գործողությունները Վաշինգտոնին ցույց տվեցին՝ ստորագրվող Փոխըմբռնման հուշագրի (MOU) արժեքն այնքան ցածր է, որ Իրանը պատրաստ է ռիսկի դիմել նույնիսկ դիվանագիտության լիակատար տապալման գնով։ Թեհրանը հուսով է, որ Թրամփը կզիջի այն հարցում, որը թվում է բանակցությունների վերջին խոչընդոտը՝ 12 միլիարդ դոլարի իրանական ակտիվների ապասառեցումը։
Թրամփը, մյուս կողմից, կարող է հույս ունենալ, որ հարվածների փոխանակումը Իրանին ակնառու կերպով ցույց տվեց լայնամասշտաբ պատերազմի վերսկսման գինը, ինչպես նաև հենց իր՝ Թրամփի ունակությունը՝ իսրայելցիներին որոշակի շրջանակների մեջ դնելու հարցում։ Որպես հետևանք, իրանցիները պետք է վստահ լինեն սեփական պարտավորությունների իր մասը կատարելու Թրամփի կարողության մեջ և չպնդեն հուշագրի իրականացման սկզբնական փուլում ակտիվների անհապաղ ապասառեցումը։
Ընդսմին, կողմերից ոչ մեկը չպետք է մոլորության մեջ ընկնի. եթե առաջիկա 72 ժամում ոչ մի առաջընթաց չգրանցվի, Նեթանյահուն կարող է իրեն նորից բավականաչափ վստահ զգալ՝ բանակցությունները սաբոտաժի ենթարկելու հերթական փորձը կատարելու համար։ Էլ քանի՞ նման բռնկում կարող է դիմանալ այս դիվանագիտական գործընթացը՝ նախքան վերջնականապես փլուզվելը։