Օմանը տասը համաձայնագիր և փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Դուկմ քաղաքի հատուկ տնտեսական գոտու տարածքում նոր նախագծերի իրականացման համար։ Պլանավորվող ներդրումների ընդհանուր ծավալը գնահատվում է 7,5 միլիարդ դոլար, հայտնում է Օմանի պետական լրատվական գործակալությունը (ONA)։
Փաստաթղթերը ստորագրել է Օմանի հատուկ տնտեսական և ազատ գոտիների պետական վարչությունը (OPAZ)։
Կնքված համաձայնագրերի թվում է խոշոր գործարքը, որը վերաբերում է կանաչ ջրածնի արտադրության մասշտաբային նախագծի շրջանակում խոր վերամշակման (downstream) երկրորդ և երրորդ փուլերի իրականացմանը։ Նախագիծն իրականացնում է վերականգնվող էներգիայի աղբյուրների ոլորտում մասնագիտացած հնդկական ACME Group ընկերությունը։ Դուկմում ջրածնային այս կլաստերում ներդրումների ծավալը կկազմի 4,2 միլիարդ դոլար։