Երևանի պետական համալսարանի դեռևս ՔՊ-ական ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի աշխատասենյակի պատին փակցված է Արարատի նկարը, ինչը կարծես թե վրիպել է նրա կուսակիցների աչքից։ Մի շարք աշխատանքային լուսանկարներից պարզ է դառնում, որ Հովհաննիսյանը սիրում է լուսանկարվել Արարատի ֆոնին, ավելին՝ այն կախված է հենց իր գլխավերևում։
Հովհաննիսյանի աշխատասենյակում Արարատի նկարի առկայությունը մեզ չէր զարմացնի, եթե նրա քաղաքական առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Արարատի դեմ չպայքարեր, այդ պատկերը չհեռացներ մուտքի և ելքի անձնագրային կնիքներից, չհայտարարեր՝ «ոչ ոք Հայաստանին զենք չի տա, քանի դեռ Արարատը հայկական ենք համարում» և այլն։ Ստացվում է, որ իշխանական ռեկտորն ըստ էության անտեսել է Նիկոլ Փաշինյանի «հրահանգը» և չի փոխարինել այն Արագածով, ինչն առնվազն կարելի է ողջունել։ Չենք բացառում նաև, որ Հովհաննես Հովհաննիսյանի քաղաքական հայացքները փոխվել են, և վերջինս սկսել է հարել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքին, որի նախընտրական պաստառի վրա նույնպես առկա է Արարատը, և, իր աշխատասենյակում Արարատի նկարը կախելով, Հովհաննիսյանը փորձում է հաճոյանալ երկրորդ նախագահին։ Կարող ենք նաև ողջամիտ կասկածներ ունենալ առ այն, որ Հովհաննիսյանը մտավախություն ունի, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է իշխանության գալ և այս ճանապարհով ցանկանում է իշխանափոխությունից հետո իր պաշտոնը պահպանել։
Oragir.News-ը ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանից փորձեց պարզել՝ Կառավարությունը պահանջե՞լ է Արարատի նկարը հանել և փոխարինել Արագածով և ռեկտորը այն չի կատարել, Հովհաննիսյանի աշխատասենյակի նկարը վրիպե՞լ է ՔՊ-ականների ուշադրությունից, թե՞ վերջինս սկսել է համակրել «Հայաստան» դաշինքին, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին։ Եթե առաջիկայում նկարը հեռացվի, ապա կհամոզվենք, որ ՔՊ-ականները պարզապես այն չեն նկատել, իսկ եթե ռեկտորը հեռացվի պաշտոնից, ապա՝ հետևությունները թողնում ենք մեր ընթերցողին․․․
Այս պահին կարող ենք միայն ենթադրել, որ նա կամ «քոչարյանական» է դարձել կամ էլ դեմ է Նիկոլ Փաշինյանի «Իրական Հայաստանին» և այս տարբերակով իր դիրքորոշումն է արտահայտում։ Եթե մեր հրապարակումից հետո ԵՊՀ ռեկտորը կամ նրա մամուլի խոսնակը խոսելու և պարզաբանումներ ներկայացնելու ցանկություն ունենա՝ Oragir.News-ը պատրաստ է լսել և հրապարակել դրանք։
Հավելենք նաև, որ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի պաշտոնավարման օրոք, նույն տեղում կախված էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարը։ Ներկայումս պատին կախված Արարատի նկարն իր չափերով ավելի մեծ է, չի տեղավորվում պատին երևացող սյունակի մեջ, ուստի ակնհայտ է, որ պատը նախատեսված է եղել Սերժ Սարգսյանի լուսանկարի համար, սակայն դա չի խանգարել ռեկտոր Հովհաննիսյանին, որ նա անտեսի չափսերի անհարմարությունը և հենց այդտեղ կախի Արարատ լեռան նկարը։

