Լիբանանը հայտարարում է, որ իսրայելական հարվածների հետևանքով վնասվել են Տյուրոսում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտները

Լիբանանի մշակույթի նախարար Ղասան Սալամեն հայտարարել է, որ հունիսի 7-ին և 8-ին Տյուրոս քաղաքին Իսրայելի հասցրած ինտենսիվ ավիահարվածների հետևանքով վնասվել են այնտեղ գտնվող պատմական հուշարձանները։

Նրա խոսքով՝ ռմբակոծությունները թիրախավորել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների անմիջական հարևանությամբ գտնվող տարածքները, այդ թվում՝ անտիկ ագորան (հրապարակը) և հռոմեական սյունաշարը։

Սալամեն միջազգային հանրությանը կոչ է արել քայլեր ձեռնարկել Տյուրոսի պատմական ժառանգությունը պաշտպանելու համար՝ հիշեցնելով, որ իսրայելական նախորդ հարվածների հետևանքով արդեն իսկ տուժել էին անտիկ հիպոդրոմն ու դամբարանադաշտը։ Նախարարը նաև մեղադրել է Իսրայելին զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին Հաագայի կոնվենցիայի դրույթները խախտելու մեջ։

Իր հերթին, Հարավային Լիբանանի հնագիտական հուշարձանների պահպանության վարչության տնօրեն Ալի Բադավին հայտնել է «Էլ-Մինա» հնագիտական պարկում սյուների, խոյակների և խճանկարների վնասման մասին։ Նա հավելել է, որ վնասի իրական չափը հնարավոր կլինի գնահատել միայն ռազմական գործողությունների դադարեցումից և հնագետների համար անվտանգ մուտքի ապահովումից հետո։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *