
Եթե իշխանությունը գիտի հազարավոր մահացածների առկայության մասին եւ տարիներ շարունակ չի մաքրում ընտրացուցակները, ապա պարտավոր է բացատրել, թե ինչու։ Իսկ եթե մահացածների անվան դիմաց հայտնաբերվեն ստորագրություններ, ապա խոսքն արդեն ոչ թե վարչական թերացման, այլ ընտրական հանցագործության մասին է։
Վանաձորի թիվ 8 դպրոցի 23/25 ընտրատեղամասում մի տեսարանի ականատես եղա, որը ոչ միայն զարմացրեց, այլեւ հերթական անգամ ստիպեց մտածել՝ ինչու ոչ մի կերպ չեն ճշգրտվում ընտրացուցակները։ Նախ՝ այդ ցուցակները կախված էին այնպիսի բարձրության վրա (2.5-3 մետր), որ դրանք կարդալու համար անպայման հեռադիտակ (թե՞ մանրադիտակ) պիտի տրամադրեին քաղաքացիներին։ Մոտեցա տեղամասային հանձնաժողովի քարտուղարին եւ հարցրի. «Արամայիս եւ Ռոզա Անտոնյաններ` ընտրողներ կա՞ն ցուցակում»։ Սկզբում պատասխանեց. «Իրավունք չունեմ ասել»։ Ասացի. «Գուցե ուզում եմ նրանց բերել ընտրատեղամաս։ Գուցե ուզում եմ դատարան դիմել եւ վերականգնել նրանց ընտրելու իրավունքը, ինչո՞ւ չեք ասում»։ «Բանակցելուց» հետո բացեց ցուցակը` ցույց տվեց։ Այո՛, անունները կային։ Արամայիս Անտոնյանն իմ հայրն է, որը մահացել է 26 տարի առաջ։ Ռոզա Անտոնյանն իմ մայրն է, որը մահացել է 7 տարի առաջ։ Երկուսն էլ շարունակում էին «ապրել» ընտրացուցակում։ Մի՞թե հարցեր չպետք է առաջանան: Եթե պետությունը գիտի մարդու մահվան մասին, եթե տրամադրվում է մահվան վկայական, եթե այդ տեղեկությունը մտնում է պետական գրանցամատյաններ, եթե այն հասնում է պետական կառույցներին, ապա ինչո՞ւ է մարդը շարունակում մնալ ընտրողի կարգավիճակում։ Ի՞նչ նպատակով են նրա անունը պահպանում։ Ո՞ւմ համար։
Գրող, հրապարակախոս Աշոտ Միրզոյանը գրում է. «Այս իմ լուսահոգի հարեւան՝ հույն Դմիտրի պապիկը վաղուց մահացել է Ուկրաինայում։ Բայց դեռ ցուցակում կա»։ Դերասանուհի Արսինե Նավասարդյանը հրապարակավ հայտարարել է, որ ընտրացուցակում հայտնաբերել է իր հարազատի անունը, որը մահացել է 25 տարի առաջ։ Սոցիալական ցանցերում եւս նման վկայությունները բազմաթիվ են։ Քաղաքացիները տարիներ առաջ մահացած հարազատների անունները հայտնաբերել են ընտրողների պաշտոնական ցուցակներում։ Տարբեր տարիներին խոսվել է հարյուր-հազարավոր նման դեպքերի մասին։ Այսինքն՝ խնդիրը գոյություն ունի։ Հարցն այն է, թե ինչ չափերի է հասնում։
Երեկոյան, երբ քվեարկությունն արդեն ավարտվել էր, կրկին դիմեցի նույն տեղամասի հանձնաժողովի նախագահին։ Խնդրեցի ցույց տալ՝ արդյոք իմ ծնողների անվան դիմաց ստորագրություն կա՞, արդյոք նրանք «մասնակցե՞լ» են ընտրությանը։ Պատասխանը նույնն էր. «Չենք կարող ցույց տալ։ Օրենքն արգելում է»։ Հարցրի. «Ո՞ր օրենքը»։ Հստակ պատասխան չստացա։ Գուցե իսկապես կա՞ նման իրավական սահմանափակում, բայց այդ դեպքում քաղաքացին իրավունք ունի ստանալ նաեւ հստակ բացատրություն, որովհետեւ այստեղ արդեն հարցը միայն իմ ծնողների մասին չէ։
Իհարկե, փաստը, որ մահացած մարդու անունը կա ընտրացուցակում, դեռ ինքնին չի ապացուցում ընտրակեղծիք։ Բայց այն ստեղծում է ընտրակեղծիքի հնարավորություն։ Ժողովրդավարական ընտրակարգը պետք է ոչ միայն ազնիվ լինի, այլեւ բացառի կեղծիքի հնարավորությունները։ Եթե ցուցակում կան մահացածներ, ապա առաջանում են բնական հարցեր. արդյո՞ք նրանց անվան դիմաց ստորագրություններ կան, արդյո՞ք նրանց անուններով քվեարկություն է արձանագրվել։ Եթե ոչ՝ հասարակությունը պետք է դա տեսնի եւ համոզվի։ Եթե այո՝ իրավապահ մարմինները պարտավոր են զբաղվել դրանով։ Հենց այստեղ ծագում է ամենակարեւոր քաղաքական հարցը՝ ո՞ւմ է ձեռնտու ընտրացուցակներում հազարավոր մահացածների անունների առկայությունը։ Եթե տարիներ շարունակ իշխանությունն է տնօրինում պետական համակարգը, ստանում է մահվան վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը, վերահսկում է համապատասխան կառույցների աշխատանքը, բայց չի ապահովում ընտրացուցակների լիարժեք մաքրումը, ապա հասարակությունն իրավունք ունի հարցնելու՝ ինչո՞ւ։ Եթե մահացածների անունները շարունակում են մնալ ցուցակներում, ինչո՞ւ որեւէ մեկը պատասխանատվություն չի կրում։
Հետեւաբար ընդդիմությունը, դիտորդները, լրագրողները եւ քաղաքացիական հասարակությունը պետք է պահանջեն մեկ պարզ բան. վերստուգել, զտել, ճշգրտել ընտրացուցակները։ Ստուգել, թե քանի մահացած քաղաքացի է մնացել ցուցակներում, նրանց անվան դիմաց ստորագրություններ կա՞ն, թե՞ ոչ, եւ ինչու է տարիներ շարունակ նույն խնդիրը կրկնվում։ Եթե մարդը մահացել է 26 տարի առաջ եւ շարունակում է համարվել ընտրող, ապա ինչպե՞ս կարող ենք վստահ լինել, որ ցուցակներում առկա մյուս միլիոնավոր տվյալներն անթերի են։
Ուզում եմ հիշեցնել տարիներ առաջ Գյումրիում տարածված այն դառը հումորը, որը ծնվել էր հենց նման երեւույթներից. «Հայրս, մայրս գերեզմանից եկել, ընտրություններին մասնակցել են, հետո առանց տուն մտնելու հետ են գնացել…»։ Եթե այսօր էլ քաղաքացիները շարունակում են իրենց մահացած հարազատների անունները գտնել ընտրացուցակներում, ապա այս կատակն արդեն պարզապես հումոր չէ, այլ՝ հանրային անվստահության արտահայտություն, ընտրական պրոցեսները ստվերող հանգամանք։ Այն պահից, երբ քաղաքացին սկսում է կասկածել ընտրողի գոյությանը, սկսում է կասկածել նաեւ ընտրության արդյունքին։