Աշխարհի էներգառեսուրսների երրորդ խոշորագույն սպառողը՝ Հնդկաստանը, զգալիորեն ավելացրել է ռուսական նավթի գնումները։ Երկրի նավթի և բնական գազի նախարար Hardeep Singh Puri-ի խոսքով՝ 2026 թվականի փետրվարին օրական ներմուծվող 1.65 մլն բարել ռուսական նավթի ծավալը ներկայումս հասել է 2–2.5 մլն բարելի։
Այսպիսով, մի քանի ամսվա ընթացքում մատակարարումներն աճել են մոտ 21–52%-ով։
Նախարարը նշել է, որ Արևմուտքի կողմից ռուսական նավթի գնումների ուղղակի արգելք չի սահմանվել։ Նրա խոսքով՝ պատժամիջոցների տակ գտնվող ընկերություններից գնումներ իրականացնում են մասնավոր ընկերությունները, որոնք ինքնուրույն գնահատում են հնարավոր ռիսկերը։
Ըստ The Hindu պարբերականի՝ ապրիլին ռուսական նավթի բաժինը Հնդկաստանի նավթային ներմուծման ընդհանուր արժեքում հասել է գրեթե 38%-ի՝ վերջին 11 ամիսների ամենաբարձր ցուցանիշին։ Ֆիզիկական ծավալներով Ռուսաստանը ապահովում է երկրի նավթային ներմուծման 34.3%-ը։
Միաժամանակ նվազել են նախկինում կիրառվող զեղչերը։ Ապրիլին Հնդկաստանը Ռուսաստանից նավթ է գնել 5.8 միլիարդ դոլարի չափով, իսկ մեկ տոննայի միջին արժեքը կազմել է 864.9 դոլար։
Հնդկաստանի ԱԳՆ-ն նախկինում հայտարարել էր, որ երկրի 1.4 միլիարդ բնակչության էներգետիկ անվտանգությունը մնում է գլխավոր առաջնահերթությունը, և Նյու Դելին շարունակելու է դիվերսիֆիկացնել մատակարարումները՝ առաջնորդվելով ազգային շահերով։