Հայաստանի երիտասարդական հավաքականի դարպասապահ Գոռ Մատինյանը հրաժարվել է տեղափոխվել մոլդովական «Շերիֆ», քանի որ ակումբը նրան չի երաշխավորել կանոնավոր խաղաժամանակ և առաջարկել է պահեստային դարպասապահի կարգավիճակ։ Այս մասին հայտնում է «ИнсайдЯН» տելեգրամյան ալիքը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ երիտասարդ դարպասապահը ստացել է առաջարկներ նաև Լեհաստանի և Չեխիայի երկրորդ դիվիզիոնները ներկայացնող ակումբներից, որտեղ նա կարող է հանդես գալ որպես հիմնական դարպասապահ։ Ներկայումս ֆուտբոլիստի կողմից ուսումնասիրվում են նաև կարիերայի շարունակության այլ հնարավորություններ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ հունիսի 5-ին, Մատինյանը պաշտոնապես հեռացել էր Երևանի «Ուրարտուից»: Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 150 հազար եվրո։
Մարտին կայացած Բելառուսի դեմ ստուգողական խաղում (1-2) Գոռ Մատինյանն իր կարիերայում առաջին անգամ հրավիրվել էր Հայաստանի ազգային հավաքական։