ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) երեքշաբթի հայտարարել է, որ ամերիկյան զինվորականները փրկել են երկուշաբթի երեկոյան Օմանի ափերի մոտ ջուրն ընկած Apache ուղղաթիռի անձնակազմի երկու անդամներին։
«Հունիսի 8-ին, արևելյան ժամանակով 19:33-ին, ամերիկյան ուժերը փրկել են ԱՄՆ բանակի AH-64 Apache ուղղաթիռի անձնակազմի երկու անդամներին, երբ նրանց ուղղաթիռն ընկել է Օմանի ափերի մոտ՝ տարածաշրջանային ջրերում պարեկություն իրականացնելու ժամանակ»,- ասվում է սոցիալական ցանցերում հրապարակված CENTCOM-ի հայտարարության մեջ։
«Զինծառայողները բարեհաջող փրկվել են մոտ երկու ժամվա ընթացքում, նրանց վիճակը գնահատվում է կայուն։ Միջադեպի պատճառները քննվում են։ Փրկարարական գործողությունը ղեկավարել են ԱՄՆ ռազմածովային ուժերի Կենտրոնական հրամանատարությունը և 82-րդ օդադեսանտային դիվիզիան՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի և ռազմածովային ուժերի ստորաբաժանումների, ներառյալ ԱՄՆ 5-րդ նավատորմի 59-րդ մարտավարական խմբի աջակցությամբ»,- ամփոփվում է փաստաթղթում։
Երեքշաբթի վաղ առավոտյան Նյու Յորքի Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայանում լրագրողների հետ զրույցում նախագահ Դոնալդ Թրամփը հատուկ նշել է, որ «օդաչուների հետ ամեն ինչ կարգին է»։
Ավելի ուշ՝ երեքշաբթի, CENTCOM-ը բացահայտել է գործողության բացառիկ մանրամասնությունը. անձնակազմի անդամները հայտնաբերվել և ջրից տարհանվել են ինքնավար անօդաչու վերջրյա սարքի (USV)՝ ծովային անօդաչու թռչող սարքի միջոցով։
«Սա ԱՄՆ զինված ուժերի պատմության մեջ [մարդկանց փրկության համար անօդաչու մոտորանավակների] մարտական օպերատիվ կիրառման առաջին դեպքն էր»,- Fox News-ի մեկնաբանության մեջ հաստատել է CENTCOM-ի պաշտոնական ներկայացուցիչ, կապիտան Թիմ Հոքինսը։