Փարիզը՝ համաշխարհային կինոյում – Հրապարակ

Նորաձեւության մայրաքաղաք Փարիզը համաշխարհային կինոյում ամենաճանաչելի քաղաքներից է։ Նրա ճարտարապետությունը, պատմությունը, մշակութային ժառանգությունը եւ անկրկնելի մթնոլորտն ավելի քան հարյուր տարի ոգեշնչել են ռեժիսորներին, սցենարիստներին եւ, իհարկե՝ դերասաններին։ Փարիզը համաշխարհային կինոյի գլխավոր սիմվոլներից է, որը գեղեցիկ ֆոն է ապահովում հատկապես ռոմանտիկ կինոժապավենների համար։ Մոնմարտրի նեղլիկ փողոցները, Սենայի ափը, գողտրիկ սրճարաններն ու բուլվարները ստեղծում են սիրո եւ ներշնչանքի մթնոլորտ։ Ժան-Պյեր Ժյոնեի «Ամելին» այն կինոնկարներից է, որը միլիոնավոր հանդիսատես է ունեցել։ «Կեսգիշերը» կինոնկարում Փարիզը հառնում է որպես երազանքների, արվեստի եւ ստեղծարար ներշնչանքի քաղաք։ Հերոսը ճամփորդում է ժամանակի միջով եւ հանդիպում հայտնի մշակութային գործիչների հետ, ովքեր ապրել ու գործել են 20-րդ դարում։ Դրանով ընդգծվում է Փարիզի՝ որպես համաշխարհային մշակութային կենտրոն լինելու նշանակությունը։

Սակայն Ֆրանսիայի մայրաքաղաքը միայն ռոմանտիկայի քաղաք չէ, այն դրամատիկ, պատմական եւ նույնիսկ քրեական իրադարձությունների քաղաք է։ «Դա Վինչիի ծածկագիրը», «Նիկիտան» ֆիլմերում Փարիզը դինամիկ մեգապոլիս է, լի առեղծվածներով, սյուժետային անսովոր շրջադարձներով եւ վտանգներով։ Փարիզն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում հեղինակային կինոյում։ Ֆրանսիական «նոր ալիքի» ներկայացուցիչները՝ Ֆրանսուա Տրյուֆոն, Ժան-Լյուք Գոդարը, Փարիզի փողոցները կիրառում են որպես բնական դեկորացիաներ՝ իրենց կինոնկարների համար։ Դրա շնորհիվ կինոարվեստը ստանում է նոր գեղարվեստական արտահայտչաձեւեր։ Լյումյեր եղբայրներից մինչ այսօր, Փարիզն իր սիմվոլներով՝ Էյֆելյան աշտարակով, Սբ Աստվածամոր տաճարով եւ Լուվրով, շարունակում է առանձնահատուկ նշանակություն ունենալ համաշխարհային կինոյում եւ ներշնչանքի աղբյուր դառնալ նոր ժապավենների համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *