«Ավտոմատի դար չի»․ պատերազմում կրած աղետալի պարտությունից հետո սա հռչակվեց որպես պաշտոնական արդարացում և նորագույն տեխնոլոգիաների, հատկապես՝ անօդաչու թռչող սարքերի բացակայությունը կրկնակի ընդգծումով կախվեց նախկիններից։
Թեպետ «ավտոմատի դար չի, սակայն պարտված, միևնույն ժամանակ չկոտրված հայերը սկսեցին փնտրել լուծումներ՝ բաց հարթակներում ուսումնասիրելով, թե ինչ է իրականում այդ անօդաչու սարքը, որ բազմագլուխ վիշապի կերպարով կարգվել էր պարտության հիմնական պատճառ։
Պարզվեց՝ սարքի ընդհանուր կոնցեպտը շատ բարդ չէ․ հասանելի է անգլերեն իմացող երիտասարդին, նույնիսկ՝ պատանուն, կարելի է պատվիրել սարքի մասերն ու անձամբ ստանալ տարբեր ձևերի, փոքր ու միջին չափերի ԱԹՍ-ներ։ Հարյուրավոր-հազարավոր պատանիներ, երիտասարդներ քչփորեցին գիտահանրամատչելի կայքերն ու պատրաստեցին իրենց սարքերը։ Բացվեցին դպրոցներ, խմբակներ, որտեղ ուսուցանում են այդ ամենն ու օգնում պատրաստել փոքր ու միջին չափերի ԱԹՍ-ներ։ Ոլորտը խթանելու համար տարբեր հասարակական կազմակերպություններ, այնուհետև՝ ԲՏԱ նախարարությունը կազմակերպեցին մրցույթներ, որոնց մասնակցում էին տասնյակ թիմեր․ հայտարարված նպատակներից մեկն էլ տաղանդավորներին գտնելը և նրանց միջոցով ոլորտն արագ զարգացնելն էր։ Բայց, ինչպես պարզվեց հաջորդիվ, ԲՏԱՆ-ն ոչ միայն հետաքրքրված չէ տաղանդավոր թիմերի հետ հետագա աշխատանքով, այլև մշակել է մեխանիզմ, որով հազարից մեկը կարող է համագործակցել պետության հետ։ Խոսենք փաստերով։
Առաջին խնդիրը, որին բախվում է ոլորտով հետաքրքրված երիտասարդը կամ ճարտարագիտական թիմը, Քաղաքացիական ավիացիայի Անօդաչու Թռչող Սարքերի (ԱԹՍ) Գործունեությունը համակարգող օրենքն է, որի համաձայն՝ ամեն թռիչք համարվում է ռիսկ և պահանջում է նախնական համաձայնեցում․ եթե, դիցուք, սարքի փորձարկման համար անհրաժեշտ է 100 թռիչք, ապա ամեն թռիչքի համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան ձևաթուղթն ու փորձել թույլտվություն ստանալ (ձևաթուղթը ներառում է տասնյակ տվյալներ, կարող են պահանջել նաև հավելյալ տվյալներ ոստիկանությունից, համայնքապետարանից, պատասխանը տրվում է երկուսից հինգ աշխատանքային օրվա, երբեմն՝ երկու շաբաթվա ընթացքում)։
Այս խնդրի մասին արդեն իսկ բազմաթիվ հրապարակումներ կան, լուծումներն էլ՝ այլ երկրների օրինակով, ներկայացված են, շատ պարզ են՝ պետության կողմից արտոնված տարածքների (test zones) սահմանումից մինչև թռիչքային քարտեզների մշակում, որոնց վրա նախընտրելի տարածք նշելով՝ թույլտվություն ես ստանում վայրկյանների ընթացքում։
Դե իսկ մենք միանգամից անցնենք հաջորդ խնդրին՝ ենթադրելով, որ վերոնշյալ հարյուրավոր երիտասարդներից ոմանք իրենց ինժեներական մտահղացումներն իրականացնելիս ունեցել են երկաթե նյարդեր ու բարեհաջող անցնելով փորձարկման փուլերը ու հաջողել են ստանալ լավ սարք։ Սարքը ներկայացրել են մասնագետների, մասնակցել են վերոնշյալ մրցույթներին, ԲՏԱ նախարարության ներկայացուցիչները տեսել են նրանց ինքնատիպ միտքն ու առկա սարքը/սարքերը, և հիմա նրանք մեծ ոգևորությամբ մտածում են, որ կհամագործակցեն պետության հետ, կպատրաստեն բազմաթիվ այսպիսի սարքեր՝ իրենց հայրենակիցների կյանքը խնայելու, փրկելու կամ գոնե մի քիչ հեշտացնելու համար։
Ցավոք սրտի, պետք է հիասթափեցնենք նրանց․ նախարարությունից չեն փնտրելու իրենց, չեն դիմելու, հանդիպման չեն կանչելու։ Պետք է լինել նախաձեռնող։ Պատանիների ու երիտասարդների ոչ մեծ մասն է պատկերացնում, թե ինչպես է կարելի սկսել պետության հետ համագործակցություն․ նման հմտություններ մեր կրթական համակարգը չի էլ ենթադրում։ Եվ որոշ ժամանակ անպտուղ սպասելուց հետո արդեն մարած ոգևորությամբ երիտասարդ ճարտարագետները փնտրում են այլ հետաքրքրություններ։ Սա պետության կողմից ԱԹՍ ոլորտում մտավոր ներուժի պասիվ անտեսմամբ կրճատման փուլն է։
Ոմանք, սակայն՝ «սա ավտոմատի դար չի» պատկերացման արդեն սակավաթիվ կրողներ, հասնում են ԲՏԱՆ, ՊՆ, նամակներ են գրում, հանդիպումներ խնդրում, ցուցադրում իրենց սարքերը։ Լավագույն դեպքում նրանք ստանում են մասնագիտական պատասխան, թե իրենց սարքը ո՛ր դեպքում, ինչպիսի՛ հնարավորություններ ունենալու պարագայում կարող է ծառայել բանակի կարիքներին (քանի որ երիտասարդները չգիտեն, թե մեր բանակին ինչ է պետք, ամենքն իր սարքը մշակում է մեր և միջազգային փորձի իր պատկերացումների հիման վրա)։ Կրկին, ուժերն ուղղորդելու և անիմաստ չվատնելու նպատակ ունենալու դեպքում պետական գերատեսչության մի ծրագրի շրջանակում կհավաքեին այս երիտասարդներին և համակարգելով նրանց աշխատանքը՝ կտային ցանկալի ուղղությամբ մտորելու առաջադրանքներ։ Բայց ուժերը չվատնելու նպատակ, ինչպես տեսնում ենք, չկա։
Այսպես, երիտասարդները գնում են կրկին սեփական ուժերով իրենց սարքերը մասնագետների նշած չափանիշներին համապատասխանեցնելու։ Նշենք, որ մեկ սարք ստանալու համար անհրաժեշտ է ոչ թե այդ մեկ սարքի գինը, այլ մի քանի անգամ ավելին, քանի որ նախնական փուլում պետք են նաև գործիքներ, զոդման սարքեր, և ուսումնական գործընթացում փչացված նյութը ևս քիչ չի լինում։ Նաև՝ որքան էլ պարապեն մարզասարքերի օգնությամբ, թռիչքները տարբեր պատճառներով կարող են ավարտվել ոչ թե փափուկ վայրէջքով, այլ՝ սարքի անկումներով, կոտրվածքներով ու նորոգման անհրաժեշտությամբ։ Եթե ամեն դեպքում ինքնուրույն անցնում են նաև այս փուլը, գտնում են անհրաժեշտ միջոցներ՝ սարքերը լավարկելու, ու համառորեն կրկին գալիս ԲՏԱՆ, ապա պարզվում է, որ սա դեռ սկիզբն է, դիմացը շատ ավելի շատ չափանիշներ, ծախսեր ու պահանջներ կան, որը կրկին բացառապես երիտասարդ մասնագետների խնդիրն է։
Այսպես․ պայմանական «լավ սարքը» պետք է անցնի պետական փորձարկում․ դրա համար անհրաժեշտ է ունենալ այս նույն սարքից ևս մի քանիսը․ կրկին ծախսեր, ջանք, ժամանակ, փորձարկումներ, թույլտվություններ և այլն։ Սակայն շատ ավելի մեծ, և շատերի համար անհաղթահարելի խոչընդոտ է արտադրական տարածք ձեռք բերելու պահանջը․ այս տարածքը պիտի լինի ռազմական արդյունաբերության համալիրի չափանիշներին համապատասխան։ Այստեղ հարկ է նշել, որ պետությունը մեկ օրենքով է դիտարկում թե՛ հսկայական արկերի և թե՛ փոքր ԱԹՍ-ների արտադրության համար նախատեսված տարածքները, դրանք պիտի լինեն բնակավայրից որոշակի հեռավորության վրա, պարսպապատ, երկաթաճաղեր, տեսախցիկներ, չհրկիզվող պահարանիկ, շուրջօրյա տեսագրություն, հրդեհային անվտանգություն, երկաթե դուռ, մագնիսական փական և այլն։ Փորձեք հաշվել, թե ինչ է արժենում նման տարածք ձեռք բերելն ու կահավորելը։ Լավագույն դեպքում 50 մլն դրամ։ Քանի՞ երիտասարդ ինժեներ կարող է նման ներդրում անել։ Նույնիսկ նման գումարի առկայության դեպքում քանի՞ տարի կտևի նման տարածքի ձեռքբերումը, սեփական աշխատանքին զուգահեռ ենթակառուցվածքների անցկացման կազմակերպումը, նշված չափանիշներին համապատասխան կահավորումն ու լիցենզավորման գործընթացն անցնելը։ Կարող եք նայել ԱԹՍ մրցույթների մասնակից թիմերի ցուցակներն ու ցավով փաստել․ ինչպես մաթեմատիկներն են ասում՝ թիվն անվերջ ձգտում է զրոյի։
Նաև՝ այդ ընթացքում, մինչ ենթադրյալ մասնագետները (այս նյութի սկզբում ոգևորված աշխատող հազար երիտասարդից մեկ-երկուսը) սկսում են այդ՝ ծախսատեր և ճարտարագիտության ու ԱԹՍ-ների հետ ոչ մի կապ չունեցող աշխատանքը, որքան նորամուծություններ են լինում ԱԹՍ ոլորտում, որը զարգանում է ամեն օր։
Իսկ կարո՞ղ է պետությունն ինքն ունենա այս չափանիշներին համապատասխան տարածքներ մեր երկրի տարբեր հատվածներում, ստեղծի այդ բջիջները, որտեղ կարող են սենյակներ վարձակալել ու աշխատել ոգևորված, ինքնուրույն ահագին ճանապարհ անցած երիտասարդ մասնագետները, ու որքան ավելի արդյունավետ կլինի, եթե հենց ինքը՝ հիմնական պատվիրատուն ուղղորդի նրանց աշխատանքն ու հետազոտություններն՝ ըստ իր կարիքների։ Որքա՜ն ժամանակ ու ջանք կխնայվի և կուղղվի ԱԹՍ-ների արտադրությանը մեր դարում, որն այլևս «ավտոմատի չէ»։
Եթե ճանապարհը կիսատ թողած ամեն ճարտարագետ ափսոսանքով նշում է խնդրի լուծման նվազագույնը մի քանի տարբերակ, մի՞թե պետությունն ինքը չի տեսնում այդ տարբերակներից որևէ մեկը։ Կարծես կրկին մոտեցանք քաղաքական կամքի բացակայության խնդրին․ ու բնավ կարևոր չէ՝ դրա պատճառը սակավամտությո՞ւնն է, թե՞ դավադիր թուլապաշտությունը։ Սա նշանակում է ԱԹՍ-ի զարգացման ոլորտը խեղդել՝ թիկունքից հարվածելով մեր երկրին չավարտված պատերազմում, որի տաք փուլում՝ դաշտում, երկնքում, սահմանին, թիկունքում գերակայում են՝ հետախուզում են, բեռներ են տանում, խոցում են անում ԱԹՍ-ները։
Տեսանյութ:
Մարտիկ Մինասյան