Խնդրում եմ հարցերը ուղղեք գլխավոր դատախազությանը և ոչ կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Այս մասին, այսօր՝ հունիսի 10–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԸՀ նախագահ Հավագն Հովակիմյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում այն փաստը, որ երեկ Դատախազությունը առանց ԿԸՀ–ի համաձայնության մեղադրանք է առաջադրել Գագիկ Ծառուկյանին, որը այս պահին դեռևս համարվում է պատգամավորի թեկնածու։
Մինչ այդ Հովակիմյանը նշել էր, որ պատգամավորի թեկնածուի կարգավիճակը պահպանվում է մինչև մանդատների բաշխումը։
Այնուհետև հասկանալով, որ իր պատասխանով հարվածի տակ է դնում դատախազությանը, ԿԸՀ նախագահը փորձեց արդարացում գտնել տեղի ունեցածին՝ նշելով. «Ես տեսել եմ հաղորդագրությունը, երեկ չեն մեղադրանք առաջադրել։ Հաղորդագրությունում խոսվում էր ինչ-որ նախկին քրեական գործի մասին։ Ընտրական օրենսգիրքը պատգամավոր թեկնածուներին անձեռնմխելիություն է տալիս, եթե քրեական հետապնդումը ծագել է թեկնածուի կարգավիճակ ձեռք բերելուց հետո։ Եթե մինչ այդ եղել է, օրինակ, չգիտեմ, ձերբակալություն, էդ լրիվ արդեն ուրիշ է։
Մեղադրանք առաջադրող գլխավոր դատախազություն է, գնացեք գլխավոր դատախազությանը հարցրեք, թե ինչու է մեղադրանք առաջադրում։ Եթե դուք կարծում եք, որ Գլխավոր դատախազությունը իրավունք չուներ դա անելու կամ թեկնածուն է յդպես կարծում, դուք կարող եք իրենց հարցեր ուղղել, թեկնածուն կարող է իրենց գործողությունները բողոքարկել, բայց ԿԸՀ–ի նախագահից պահանջել մեկնաբանել Գլխավոր դատախազության գործողությունները, մեղմ ասած ճիշտ չէ»։