«Երբ քննադատությունը դառնում է կալանքի հիմք, ժողովրդավարությունը վտանգված է»․ Մհեր Կարագոզյան

«Երբ քննադատությունը դառնում է կալանքի հիմք, ժողովրդավարությունը վտանգված է»․ Մհեր Կարագոզյան

«Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ Մհեր Կարագոզյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երբ քննադատությունը դառնում է կալանքի հիմք, ժողովրդավարությունը վտանգված է.
     Իշխանության ներկայացուցիչների հասցեին հնչող քննադատությունը, նույնիսկ եթե այն կոշտ է, սուր է կամ անհարմար, ժողովրդավարության անբաժանելի մասն է։
     Այսօր Արթուր Օսիպյանի գործով ձևավորվում է վտանգավոր նախադեպ․ իշխանության հետ հրապարակային բանավեճից հետո ակտիվիստը հայտնվում է կալանքի տակ, իսկ հանրության մոտ առաջանում են հիմնավոր հարցեր՝ արդյո՞ք այստեղ գործ ունենք բացառապես իրավական գործընթացի, թե՞ քաղաքական ենթատեքստ ունեցող հետապնդման հետ։
     Առավել մտահոգիչ է, որ այս ամենը տեղի է ունենում նախընտրական շրջանում, երբ քաղաքացիների, ակտիվիստների և քաղաքական գործընթացներին մասնակցող անձանց խոսքի ազատությունը պետք է առավել պաշտպանված լինի, ոչ թե սահմանափակվի։
     Եթե մենք այսօր լռենք, երբ կասկածներ կան խոսքի ազատության սահմանափակման, ընտրովի արդարադատության և քաղաքական շարժառիթներով պայմանավորված հետապնդումների վերաբերյալ, ապա վաղը նույն գործիքակազմը կարող է կիրառվել ցանկացած քաղաքացու, լրագրողի, ակտիվիստի կամ ընդդիմախոս քաղաքական գործչի նկատմամբ։
     Խոսքը միայն Արթուր Օսիպյանի մասին չէ։
     Խոսքը Հայաստանի մասին է, որտեղ օրենքը պետք է ծառայի արդարությանը, ոչ թե քաղաքական նպատակահարմարությանը։
     Խոսքը յուրաքանչյուր քաղաքացու իրավունքի մասին է՝ իշխանությանը հարցեր տալու, քննադատելու և պատասխան պահանջելու։
     Ժողովրդավարությունը սկսվում է ոչ թե իշխանությանը ծափահարելուց, այլ իշխանությանը պատասխանատվության ենթարկելու իրավունքից»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *