
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է խորհրդարան անցած քաղաքական ուժերի հետագա գործողություններին՝ նշելով, որ այդ ուժերը պետք է միասնական որոշում կայացնեն, իսկ մյուսները պետք է առաջնորդվեն ընդունված որոշմամբ։
Նրա խոսքով՝ հնարավոր տարբերակները շատ չեն. քաղաքական ուժերը կամ պետք է ստանան իրենց մանդատներն ու մասնակցեն խորհրդարանի աշխատանքներին, կամ հրաժարվեն դրանցից։ Սարգսյանը ընդգծել է, որ երկու տարբերակներն էլ ունեն իրենց առավելություններն ու թերությունները։
Նա նշել է, որ կարևորն ընտրությունը չէ, թե որ ճանապարհն է ընտրվելու, այլ այն, որ գոյություն ունենա հստակ մշակված ռազմավարություն։ Սարգսյանի համոզմամբ՝ թե՛ խորհրդարանում գործունեություն ծավալելով, թե՛ մանդատներից հրաժարվելով հնարավոր է հասնել քաղաքական նպատակների, եթե գործողությունները լինեն հետևողական և համակարգված։
Անդրադառնալով քաղաքական պայքարի ձևերին՝ ՀՀ նախկին նախագահը շեշտել է, որ փողոցային պայքարը մշտապես կարող է օգտակար գործիք լինել։
Սերժ Սարգսյանը նաև կարծիք է հայտնել, որ ընտրական գործընթացի ընթացքում արձանագրվել են բազմաթիվ խախտումներ՝ ինչպես նախընտրական փուլում, այնպես էլ քվեարկության օրը։ Նրա գնահատմամբ՝ այդ խախտումները կրել են զանգվածային բնույթ։