Մեր տեղեկատվական պղպջակի համար ոչ պոպուլյար բան ասեմ, բայց մինչև վերջ կարդացեք, նոր փրփրեք

Մեր տեղեկատվական պղպջակի համար ոչ պոպուլյար բան ասեմ, բայց մինչև վերջ կարդացեք, նոր փրփրեք

1️⃣ Նայեցի «փողոցային պայքարի» մասին երեկվա հարցմանս պատասխանները։ Այս թեմայով համարյա 4 տարի հաճախակի շփվել եմ նաև ընդդիմադիր գործիչների հետ, ընդհանրապես տարբեր մարդկանց հետ։ Շեշտեմ, որ քաղաքացիական դիմադրության թեմային ծանոթ եմ և՛ տեսական, և՛ գործնական առումով։
Խնդրում եմ չնեղանալ, բայց եզակի բացառություններով այն մարդիկ, որոնք ասում են «փողոցային պայքա՜ր», որևէ պատկերացում չունեն թե դրա նախապատրաստությունից, թե պլանավորվումից, թե իրականացումից։ Պատկերացումները հիմնականում 2018-ի ապրիլի լայվերից են ու «քխ գունավոր հեղափոխությունների» մասին ռուսական քարոզչական տեսանյութերից։ Մի քիչ էլ «V for Vendetta» ոճի ֆիլմերից։
Ինչպես Tigran Ayvazyanը ճիշտ նշեց, մարդիկ տեսել են այսբերգի գագաթը և իրենց թվում է, թե լիովին պատկերացնում են։
2️⃣ Բազում անգամներ փորձել եմ գիտելիքս փոխանցել տարբեր մարդկանց, փորձել եմ բացատրել, որ խնդիրը ոչ թե «մեկ հուժկու հարվածն է», այլ նախապատրաստական աշխատանքը, դիմադրության ենթակառուցվածք ստեղծելը, ճիշտ պլանավորումը և միայն նոր էն մնացածը։ Այդ ամենը տևում է տարիներ։ («Մենք չունենք այդքան ժամանակ» ասողներին հիշեցնեմ, որ 8 տարի է՝ դա եմ լսում։ Իսկ 8 տարին ժամանակ չէ՞ր)։ Այսօրվա դրությամբ ես այդպիսի նախապատրաստական աշխատանքի հետք անգամ չեմ տեսնում։
3️⃣ Ընտրությունների վերաբերյալ. ընդդիմության համար շատ ավելի վատ արդյունքներ էի ակնկալում՝ հաշվի առնելով թե՛ համատարած բռնաճնշումները, թե՛ ակնհայտ միջամտությունը ընտրություններին ԵՄ-ից և ԱՄՆ-ից, թե՛ այլ գործոններ։
Մասնավոր զրույցներում մի քանի տեղ ասել եմ, որ եթե ընդդիմությունը կարողանա Նիկոլին զրկի սահմանադրական մեծամասնությունից, դա արդեն բավականին մեծ բան կլինի։ Հիմա էլ եմ համարում, որ վատ արդյունք չէ (մանավանդ, եթե ԲՀԿ-ն անցնի)։
Կարո՞ղ էին ավելի լավ աշխատել։ Անշուշտ։ Բայց փաստ է, որ ահռելի ճիգերով, խայտառակ խախտումներով հանդերձ Նիկոլն ավելի քիչ մանդատ է ստացել, քան 2021-ին։
4️⃣ Կոպիտ սխալ եմ համարում ընդդիմության առավելապաշտական (մաքսիմալիստական) այն նախընտրական խոստումները, թե հունիսի 8-ից Նիկոլը վերջ, է՛լ չի լինելու։ Ու հենց այդ խոստումների պատճառով է, որ հիմա փոխանակ մարդիկ ընկալեն կատարվածը որպես առաջխաղացում, ընկալում են՝ որպես կատարյալ պարտություն։
Ասածս չի նշանակում, որ ընդդիմությունը պետք է լուռ հաշտվի ընտրությունների արդյունքների հետ (ու կարծես թե չի էլ պատրաստվում հաշտվել), այլ պետք է ամեն գողացած ձայնի համար կռիվ տա։ ԲՀԿ-ի ԱԺ անցնելը կարևոր եմ համարում, անկախ այն բանից, թե հետո իրենց ինչպես կպահեն։
Որ այսքան ժամանակ է ասում եմ «Պլան Բ!!!», այդ պլանը չունենալու հետևանքներից մեկն էլ հենց ներկա սցենարի համար մարդկանց հետ հաղորդակցվելու պլաններ չունենալն է։
5️⃣ Ծայրահեղ անհեռատես եմ համարում մանդատներից հրաժարվելը։ Մեկը ես ամենայն խստությամբ ու հետևողականությամբ քննադատելու եմ որևէ ընդդիմադիր ուժի, որը կհրաժարվի մանդատներից։ Ես չեմ տվել իմ ձայնը և անշահախնդիր այդքան էներգիա, նյարդեր և ժամանակ ծախսել՝ մարդկանց համոզելով, որ գնան քվեարկեն, որպեսզի հետո ընդդիմադիրները մանդատները վայր դնեն։
6️⃣ Այն փաստարկը, թե ընդդիմությունը ԱԺ-ում չի կարող աշխատել, նշանակում է, որ փողոցում առավել ևս չի կարողանալու աշխատել, որովհետև առանց ԱԺ-ում «հենակետ» ունենալու, փողոցում պայքարելը շատ ավելի դժվար է լինելու։
Իրականում ահավոր շատ բան կա գրելու, բայց փորձեմ շատ չերկարացնեմ… Առայժմ այսքանը։

Գրել է Կարեն Վրթանեսյանը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *