Երկրի յուրաքանչյուր 70-րդ բնակիչը հարկադիր տեղահանված է․ ՄԱԿ

Ամբողջ աշխարհում 118 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը հալածանքների, հակամարտությունների, բռնության և մարդու իրավունքների խախտումների պատճառով։ Այս մասին նշվում է հունիսի 11-ին հրապարակված ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR) զեկույցում։ Զեկույցում նշվում է, որ 2026 թվականի սկզբի տվյալներով՝ Երկրագնդի յուրաքանչյուր 70-րդ բնակիչը տեղահանված է։

Միևնույն ժամանակ, վերջին տասնամյակում առաջին անգամ տեղահանված անձանց թիվը նվազել է 5,4 միլիոնով կամ 4%-ով։ Զեկույցում նշվում է, որ այս միտման հիմնական պատճառը հայրենիք վերադարձած մարդկանց թվի աճն է, որոնք, անտեսելով իրենց երկրում տիրող ճգնաժամային իրավիճակը, այնուամենայնիվ վերադարձել են իրենց հայրենիք։ Որպես օրինակ՝ ՄԱԿ-ը հիշատակում է Աֆղանստանը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Սուդանը և Սիրիան։

Տեղահանվածների ընդհանուր թվից 35,6 միլիոնը դասակարգվում են որպես փախստականներ, իսկ 68,7 միլիոնը՝ ներքին տեղահանված անձինք: 2026 թվականի սկզբի տվյալներով՝ իրենց դիմումների պատասխանին սպասող ապաստան հայցողների թիվն աճել է մոտ 645 հազարով՝ հասնելով գրեթե 9 միլիոնի:

Այս վիճակագրության մեջ ներառված չեն 2026 թվականի առաջին ամիսների միգրացիոն հոսքերը, օրինակ՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմով պայմանավորված տեղաշարժերը: Ցուցակում չեն ներառվել նաև այն մարդիկ, ովքեր տունը լքել են տարերային աղետների, կլիմայի փոփոխության հետևանքների կամ ֆինանսական խնդիրների պատճառով:

Տեղահանվածների գրեթե 70%-ը «փախստականի» կարգավիճակով ապրում է հինգ և ավելի տարի: ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Բարհամ Սալեհը մտահոգություն է հայտնել այս փաստի կապակցությամբ. «Մեզ անհրաժեշտ է մոտեցումների փոփոխություն, ինչը պատերազմից ու հալածանքներից փախչող մարդկանց նոր հույս և նոր հեռանկարներ կտա»,— նրա խոսքերն է մեջբերում KNA գործակալությունը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *