Քվեաթերթիկների պակասի պատճառով Հարավային Կորեայի ոստիկանությունը խուզարկել է ԿԸՀ-ն․ Yonhap

Կորեայի Հանրապետության ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովում (ԿԸՀ)։ Պատճառը հունիսի 3-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ մի շարք ընտրատեղամասերում քվեաթերթիկների պակասն է եղել, հայտնում է «Yonhap» գործակալությունը։

Շուրջ 100 ոստիկան խուզարկություններ է իրականացրել յոթ հասցեներում, այդ թվում՝ Կվաչհոնում գտնվող ԿԸՀ գլխավոր գրասենյակում և Սեուլի տարածքային ստորաբաժանումներում։ Հունիսի 3-ի ընտրությունների ժամանակ քվեաթերթիկների անբավարարության պատճառով ողջ երկրում դադարեցվել էր 26 ընտրատեղամասի աշխատանքը. մարդիկ ստիպված էին եղել սպասել հերթերում, իսկ քվեարկության ժամանակը երկարաձգվել էր։

Այս տեղամասերի մեծ մասը գտնվում է Սեուլի Սոնպհա շրջանում, որտեղ դժգոհ քաղաքացիներն արդեն յոթերորդ օրն է՝ բողոքի ակցիա են անցկացնում ձայների հաշվարկի մարզադաշտի մոտ՝ պահանջելով վերաքվեարկություն։ Ցուցարարների մի մասը վանկարկում է աջակողմյան հայացքներ ունեցողներին բնորոշ կարգախոսներ։

«Yonhap»-ի տեղեկություններով՝ ոստիկանությունը խուզարկության թույլտվություն է ստացել նաև ԿԸՀ նախկին նախագահ Նո Թհե Ակի նկատմամբ, ով հրաժարական է տվել այս սկանդալի պատճառով։ Հանձնաժողովի աշխատակիցները կասկածվում են անփութության և ընտրական օրենսդրությունը խախտելու մեջ։ Ավելի վաղ Կորեայի Հանրապետության նախագահ Լի Ջե Մյոնը կարգադրել էր հետաքննություն սկսել ստեղծված իրավիճակի առնչությամբ։

Սեուլում, քվեարկության արդյունքներով, 2%-ից պակաս ձայների տարբերությամբ հաղթել է ընդդիմադիր «Քաղաքացիական ուժ» կուսակցության թեկնածու, գործող քաղաքապետ Օ Սե Հունը։ Սակայն 16 տարածաշրջաններից 12-ում նրա պահպանողական կողմնակիցները պարտություն են կրել։ 2022 թվականի նախորդ ընտրություններում պատկերը հակառակն էր. աջերը հաղթել էին 17 տարածաշրջաններից 12-ում, իսկ մնացածում՝ իշխող լիբերալ «Թոբուրո» դեմոկրատական կուսակցությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *