«Հրապարակ». Ինչպիսի միջավայրում անցան ընտրությունները

Երիտասարդական ակումբների դաշնության «Արդար քվե» դիտորդական առաքելությունը հետեւել է հունիսի 7-ի ընտրություններին եւ իր եզրակացությունը ներկայացրել։ Մենք մի քանի հարց ուղղեցինք առաքելության հանրային կապերի ղեկավար Աստղիկ Ավետիսյանին։

– Երիտասարդական ակումբների դաշնության «Արդար քվե» դիտորդական առաքելությունը քանի՞ խախտում է արձանագրել ընտրությունների ժամանակ։

– Մեր դիտորդական առաքելությունը ընտրությունների ամբողջ ընթացքում ստացել եւ արձանագրել է տասնյակ ահազանգեր ու խախտումների վերաբերյալ տեղեկություններ՝ տարբեր ընտրատեղամասերից։ Դրանք վերաբերում էին ընտրողների նկատմամբ ազդեցության փորձերին, ուղղորդումներին, դիտորդների աշխատանքի խոչընդոտմանը, քարոզչության արգելքի հնարավոր խախտումներին, վարչական ռեսուրսի օգտագործման դեպքերին, ինչպես նաեւ՝ ընտրական գործընթացի կազմակերպման հետ կապված մի շարք խնդիրների։ Բոլոր դեպքերը փաստաթղթավորվել են, եւ բազմաթիվ դիմում-բողոքներ ուղարկվել են ԿԸՀ։
Միեւնույն ժամանակ, մեր առաքելության կարեւորագույն ձեռքբերումներից էր երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը ժողովրդավարական գործընթացներում։ «Արդար քվե» նախաձեռնության շրջանակում ավելի քան 360 երիտասարդ դիտորդներ իրականացրել են ընտրական գործընթացի մշտադիտարկում՝ դառնալով ոչ միայն դիտորդներ, այլեւ քաղաքացիական պատասխանատվության եւ մասնակցային ժողովրդավարության կրողներ։ Մենք համոզված ենք, որ ազատ եւ արդար ընտրությունների հիմքում ոչ միայն վերահսկողությունն է, այլեւ քաղաքացիական կրթությունը։ Այդ պատճառով մեր աշխատանքը սահմանափակված չէր միայն խախտումների արձանագրմամբ. այն նաեւ ուղղված էր երիտասարդների ընտրական գիտելիքների, իրավագիտակցության եւ հանրային գործընթացներին մասնակցության մշակույթի ձեւավորմանը։ Առաքելության կարեւոր նորարարություններից էր Երիտասարդական ակումբների դաշնության կողմից ստեղծված youthvote.live առցանց հարթակը, որը հնարավորություն տվեց իրական ժամանակում հավաքագրել, քարտեզագրել եւ հանրայնացնել ընտրական գործընթացին վերաբերող ահազանգերն ու դիտարկումները։ Այս գործիքը ոչ միայն բարձրացրեց գործընթացի թափանցիկությունը, այլեւ ստեղծեց քաղաքացիների, դիտորդների եւ մեդիայի միջեւ արագ հաղորդակցության արդյունավետ միջավայր՝ նպաստելով ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վերահսկողության ամրապնդմանը։

– Այդ խախտումներն արձանագրելով՝ ի՞նչ քայլեր կարող եք ձեռնարկել։

– Մեր առաքելության հիմնական գործառույթը խախտումների անկախ դիտարկումն ու փաստագրումն է։ Արձանագրված դեպքերի վերաբերյալ մենք ներկայացնում ենք դիմումներ եւ հաղորդումներ համապատասխան կառույցներին, պահանջում ենք իրավական գնահատական եւ հրապարակայնացնում ենք մեր եզրակացությունները։ Միաժամանակ, ընտրություններից հետո պատրաստվում է ամփոփ զեկույց, որը ներառում է ինչպես արձանագրված խնդիրները, այնպես էլ ընտրական գործընթացի բարելավման վերաբերյալ առաջարկություններ։

– Միջազգային դիտորդները չե՞ն արձանագրել դրանք։

– Տարբեր դիտորդական առաքելություններ գործում են տարբեր մեթոդաբանություններով եւ ունեն դիտարկման տարբեր ծավալներ։ Հնարավոր է, որ որոշ դեպքեր արձանագրված լինեն նաեւ միջազգային դիտորդների կողմից, որոշ դեպքեր՝ միայն տեղական դիտորդների։ Կարեւոր է հասկանալ, որ առանձին խախտման արձանագրումը կամ չարձանագրումն ինքնին չի նշանակում, որ այն տեղի չի ունեցել կամ տեղի է ունեցել։ Յուրաքանչյուր առաքելություն ներկայացնում է իր դիտարկումների շրջանակում հավաքագրված տվյալները։ Մենք շահագրգիռ ենք հավասարության եւ արդարության սկզբունքը պահելու հարցում։

– Փաշինյանն ինչպե՞ս հաղթեց ընտրություններում, կան տեսակետներ, որ բազմաթիվ ընտրակեղծարարություններ են եղել:

– Երիտասարդական ակումբների դաշնության «Արդար քվեն» քաղաքական ուժերի ընտրական արդյունքների վերաբերյալ քաղաքական գնահատականներ չի տալիս, սակայն կարող է խոսել այն միջավայրի մասին, որում անցկացվել են ընտրությունները։ Մեր դիտորդական առաքելության կողմից հավաքագրված տվյալները եւ youthvote.live կամ արդար․հայ հարթակում հրապարակված ահազանգերը վկայում են, որ ընտրական գործընթացը տեղի է ունեցել մի շարք համակարգային խնդիրների պայմաններում։ Հարթակում արձանագրվել են հարյուրավոր հաղորդումներ, որոնց զգալի մասը վերաբերում էր վարչական ռեսուրսի օգտագործմանը, ապօրինի քարոզչությանը, ատելության եւ թշնամանքի խոսքին, ինչպես նաեւ՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հնարավոր ճնշման դեպքերին։
Մեր նախնական գնահատմամբ, առավել մտահոգիչ էին հետեւյալ երեւույթները.
• Վարչական ռեսուրսի լայնածավալ օգտագործման վերաբերյալ բազմաթիվ հաղորդումները, երբ պաշտոնատար անձանց կարգավիճակը կամ պետական համակարգի հնարավորությունները, ըստ ահազանգերի, օգտագործվել են քաղաքական նպատակներով։ Այս խնդիրն արձանագրվել է նաեւ մեր միջանկյալ զեկույցներում։
• Ատելության խոսքի եւ հասարակության բեւեռացման խորացումը։ Քարոզարշավի ընթացքում քաղաքական մրցակցությունը հաճախ տեղափոխվել է փոխադարձ վիրավորանքների, պիտակավորումների եւ թշնամանքի դաշտ, ինչը բացասաբար է ազդել ընտրողների ազատ կամարտահայտման միջավայրի վրա։
• Տեղամասային ընտրական հանձնաժողովների աշխատանքի հետ կապված խնդիրները։ Մեր դիտորդները բազմաթիվ դեպքերում արձանագրել են ընտրական օրենսդրության ոչ լիարժեք իմացություն, ընթացակարգերի ոչ միատեսակ կիրառում, ինչպես նաեւ՝ որոշ տեղամասերում կազմակերպչական թերություններ։
• Քաղաքական ուժերի վստահված անձանց եւ ներկայացուցիչների վարքագիծը։ Արձանագրվել են դեպքեր, երբ վստահված անձինք դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից, ներգրավվել են վիճաբանությունների մեջ կամ փորձել են ազդել ընտրողների վարքագծի վրա։ Նման երեւույթները, անկախ քաղաքական պատկանելությունից, հակասում են ազատ եւ մրցակցային ընտրությունների սկզբունքներին։
• Ընտրողների նկատմամբ ճնշման, ուղղորդման կամ հոգեբանական ազդեցության փորձերի վերաբերյալ ահազանգերը։ Դրանց թվում եղել են նաեւ հաղորդումներ մասնակցության վերահսկման, ցուցակագրման եւ ընտրողների որոշումների վրա ազդելու փորձերի մասին։
Միաժամանակ, մենք մտահոգությամբ արձանագրել ենք հանրային խոսույթում տարածված այն մոտեցումները, որոնց շրջանակում արտերկրում բնակվող կամ Հայաստանից երկար ժամանակ բացակայած քաղաքացիները, ինչպես նաեւ Հայաստանի ներսում ապրող քաղաքացիները, փոխադարձաբար արժանացել են նսեմացնող եւ վիրավորական վերաբերմունքի։ Ժողովրդավարական ընտրությունների հիմքում ընկած է յուրաքանչյուր քաղաքացու հավասար արժանապատվությունը, եւ որեւէ ընտրող չպետք է ենթարկվի խտրական վերաբերմունքի իր բնակության վայրի, քաղաքական հայացքների կամ ընտրության պատճառով։
Ուստի, եթե հարցը ձեւակերպվում է՝ «ինչպես հաղթեց այս կամ այն քաղաքական ուժը», ապա դիտորդական առաքելության տեսանկյունից առավել կարեւոր հարցն այն է, թե որքանով էր ընտրական միջավայրը հավասար, ազատ, մրցակցային եւ զերծ անհարկի ազդեցություններից։ Այդ հարցերի վերջնական գնահատականը կներկայացվի մեր ամբողջական զեկույցում՝ բոլոր փաստերի եւ արձանագրված խախտումների համապարփակ ուսումնասիրությունից հետո։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *