Երբեք չեմ եղել նրա կղզում կամ ռանչոյում․ Բիլ Գեյթսը հայտարարել է, որ երբեք անձնական հարաբերություններ չի ունեցել Էփշտեյնի հետ

Microsoft-ի հիմնադիր, միլիարդատեր Բիլ Գեյթսն ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի առաջ վկայություն տալով՝ հայտարարել է, որ երբեք անձնական հարաբերություններ չի ունեցել Ջեֆրի Էփշտեյնի հետ գրում է BBC-ն։

Գեյթսը նշել է, որ խզել է կապերն Էփշտեյնի հետ, երբ պարզ է դարձել, որ վերջինս չի կարող աջակցել Microsoft-ի հիմնադրի բարեգործական նախաձեռնությունների ֆինանսավորման համար անհրաժեշտ միջոցների հավաքագրմանը։

Նա նաև անդրադարձել է իր ամուսնական կյանքի ընթացքում կատարած դավաճանություններին՝ նշելով, որ Էփշտեյնը դրանք օգտագործել է իր վրա ճնշում գործադրելու նպատակով։

Բացման խոսքում Գեյթսը նշել է, որ երբևէ չի տեսել, որ Էփշտեյնը զբաղվեր շարունակական հանցավոր գործունեությամբ, և նման գործունեության մասին որևէ տեղեկություն կամ կասկած չի ունեցել։

«Ես երբեք չեմ եղել նրա կղզում, նրա ռանչոյում կամ Ֆլորիդայի նրա տանը. երբեք որևէ մեկի նկատմամբ բռնություն չեմ գործադրել: Թեև նա (Էփշտեյնը – խմբ), հնարավոր է, փորձել է անձնական հարաբերություններ հաստատել ինձ հետ, ես երբեք դրանով հետաքրքրված չեմ եղել և երբեք չեմ պատասխանել նույն կերպ»,- հայտարարել է Գեյթսը։

Հիշեցնենք, որ նախօրեին Գեյթսը կամավոր ներկայացել էր Էփշտեյնի հետ նրա ունեցած կապերի վերաբերյալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի վերահսկողական հանձնաժողովի դռնփակ լսումներին։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *