Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման լոգիստիկ հարցերին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը հունիսի 11-ին ընդունել է ՀՀ-ում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտակարգ և լիազոր դեսպան Ալեն դը Մյույզեին։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: 

Հանդիպման սկզբում Անուշիկ Ավետյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ոլորտում պետական քաղաքականության ներկայիս առաջնահերթությունները՝ ընդգծելով արտահանման դիվերսիֆիկացման և ԵՄ անդամ երկրների հետ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման կարևորությունը։ 

Այնուհետև քննարկվել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները։ Կողմերը համակարծիք էին, որ երկկողմ առևտրաշրջանառության ավելացման համար առկա է զգալի ներուժ, և ներկայումս ստեղծվել են բարենպաստ պայմաններ այն արդյունավետ իրացնելու համար։ 

Անդրադարձ է կատարվել հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին։ Ընդգծվել է գործարար կապերի ակտիվացման անհրաժեշտությունը և դիտարկվել է առաջիկայում բիզնես այց կազմակերպելու հնարավորությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *