Հունիսի 9-ի լույս 10-ի գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Հորդառատ անձրևի պատճառով Արագածոտնի մարզից դեպի Կոտայքի մարզ՝ Շենավան-Արագյուղ տանող ճանապարհի մոտ 16 մետր երկարությամբ՝ ժողովրդին հայտնի Աստվածընկալ եկեղեցու հարևանությամբ, ճանապարհի հողի փլուզում է տեղի ունեցել, հաղորդում է Shamshyan.com–ը։
Բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն ճանապարհի փլուզման հետևանքով երկաթե արգելապատնեշները հայտնվել են ձորում։ Դեպքի վայր են ժամանել Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները, որոնք սահմանազատել են տարածքը, իբրև պաշտպանիչ պատնեշ կապել են ոստիկանական ժապավենով, իսկ ժամանած ճանշինը մոտ 50 մետր երկարությամբ տարբեր հատվածներում տեղադրել է քարեր։
Կա վտանգ, որ ամեն պահի հնարավոր է ճանապարհի փլուզումը շարունակվի: Իսկ այդ հատվածով տրանսպորտային միջոցների շարժը բավականին շատ է, այդ թվում՝ բեռնատարների մասնակցությամբ։
Ճանապարհը վերջերս է հիմնանորոգվել է կառավարության ֆինանսավորմամբ։ Այս հատվածում անհրաժեշտ է բետոնե հենապատ կառուցել, իսկ մինչ այդ պետք է տեղադրեն անհրաժեշտ անվտանգության պարագաներ, այդ թվում՝ լուսային, քանի որ եթե լույսով վարորդները նկատում են, որ ճանապարհը պետք է անցնեն զգույշ, ապա գիշերային ժամերին հնարավոր է վարորդները չկողմնորոշվեն ու տեղի ունենան արտակարգ դեպքեր։