Արժույթի միջազգային հիմնադրամը հանձնառու է ՀՀ իշխանությունների հետ սերտ և երկարաժամկետ համագործակցության. գործադիր տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /ԱՌԿԱ/.   Արժույթի միջազգային հիմնադրամը շարունակական հանձնառություն ունի  Հայաստանի իշխանությունների հետ սերտ և երկարատև համագործակցության առումով։

Այս մասին ասվում է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիևայի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված  շնորհավորական ուղերձում։

«Միջազգային անորոշության և տարածաշրջանային մարտահրավերների ժամանակաշրջանում Հայաստանի շարունակական հանձնառությունը երկխոսությանը, կայունությանը և խաղաղ հարաբերություններին առանձնահատուկ նշանակություն ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ ավելի լայն տարածաշրջանի համար»,-ասվում է ուղերձի տեքստում։

Կրիստալինա Գեորգիևայի խոսքով, վարչապետի առաջնորդությունն արժեքավոր հնարավորություն է տալիս առաջ մղելու քաղաքականության բարեփոխումները, որոնք կբարձրացնեն դիմադրողականությունը, կամրապնդեն մակրոտնտեսական կայունությունը, կխթանեն ներառական և կայուն աճը և կբարելավեն հայ ժողովրդի բարեկեցությունը։

Ընտրությունների մասին
 
ԱԺ ընտրությունները տեղի են ունեցել հունիսի 7-ին: Դրանց մասնակցել է 18 քաղաքական ուժ, որոնցից 15-ը չեն հաղթահարել խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 4% նվազագույն շեմը:
Ըստ ընտրությունների նախնական արդյունքների՝ խորհրդարան են անցնում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 49,825% ձայներով, ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 23,281% և «Հայաստան» դաշինքը՝ 9,934%:
Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 3,996%-ը. նրան մի քանի տասնյակ ձայն չի բավականացրել անցողիկ շեմը հաղթահարելու համար:

Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին:

Միևնույն ժամանակ, մի շարք ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ հայտնել են քվեարկության արդյունքների վերանայում նախաձեռնելու մտադրության մասին՝ հայտարարելով իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի կիրառման և ընտրողների նկատմամբ ճնշումների մասին: Երեք քաղաքական ուժ՝ «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր» կուսակցությունները և «Հայաստան» դաշինքը, արդեն իսկ դիմում են ներկայացրել ԿԸՀ՝ 2005 ընտրական տեղամասերից 555-ում քվեարկության արդյունքների վերահաշվարկի պահանջով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *