Իսպանական Մայորկա կղզում հինգշաբթի գիշերը հրդեհ է բռնկվել Մագալուֆ զբոսաշրջային գոտու բնակելի շենքերից մեկում, որի հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս մի քանիսը ստացել են վնասվածքներ, հայտնում է Associated Press-ը։
Իսպանիայի Քաղաքացիական գվարդիայի տվյալներով՝ բռնկումն սկսվել է առավոտյան ժամը 5:00-ի սահմաններում բնակելի շենքի երրորդ հարկում։ Հրդեհի պատճառները դեռևս պարզվում են։
Իշխանությունների տեղեկատվության համաձայն՝ բնակիչները փորձել են ինքնուրույն մարել կրակը, սակայն հրդեհն արագորեն տարածվել է շենքի մյուս մասերում, հատկապես՝ վերին հարկերում։ Հրդեհը լիովին մարել հաջողվել է մոտ երկու ժամ անց։
Հաղորդվում է, որ չորս մարդ շարունակում է մնալ հիվանդանոցում։ Հրդեհից ընդհանուր առմամբ տուժել է մոտ 20 բնակիչ։ Իշխանությունները նշում են, որ տարհանված մարդկանց համար ժամանակավոր կացարան կտրամադրեն մոտակա հյուրանոցները։
Զոհվածներն են Արգենտինայի 58-ամյա մի քաղաքացի և մի կին, ում ինքնությունը դեռևս պարզված չէ։ Նրանք գտնվել են տարբեր բնակարաններում։
Այն հարկը, որտեղ սկսվել է հրդեհը, ինչպես նաև դրան հարող վերին և ստորին հարկերը շրջափակվել են քննչական գործողություններ անցկացնելու համար։
Մագալուֆը հայտնի զբոսաշրջային շրջան է կղզու ափամերձ գոտում, որը հայտնի է բրիտանացի և գերմանացի զբոսաշրջիկների շրջանում։ Այն գտնվում է Կալվիա համայնքում՝ կղզու մայրաքաղաք Պալմա դե Մայորկայից մոտ 22 կիլոմետր հեռավորության վրա։
Տեղական իշխանությունները ողբերգության կապակցությամբ երկօրյա սուգ են հայտարարել։