Թրամփն ընկել է Իրանի համար ստեղծած իր թակարդը. Բոլթոն

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնվել է «թակարդում», որն, նրա համոզմամբ, հենց ինքն է ստեղծել Իրանի համար։

Մեկնաբանելով իրանական նավթային ենթակառուցվածքների հնարավոր գրավման մասին ամերիկյան առաջնորդի վերջին հայտարարությունները՝ Բոլթոնը նշել է, որ նման սպառնալիքները չհամաձայնեցված և մինչև վերջ չմտածված ռազմավարության տպավորություն են ստեղծում։

Նա միաժամանակ կասկածի տակ է դրել Իրանի էներգետիկ հատվածի նկատմամբ վերահսկողություն հաստատելու գաղափարը՝ այն համեմատելով այլ երկրներում նախկին ամերիկյան մոտեցումների հետ, և այդ սցենարը գործնական տեսանկյունից կասկածելի է անվանել։

«Թրամփն, ինչպես միշտ, գործում է իրեն բնորոշ ոճով. նա խոսում է այն մասին, թե ինչ կարող է անել, հնչեցնում է սպառնալիքներ, որոնք կարող են իրականանալ, կամ էլ՝ ոչ։ Հիմա գլխավոր հարցն այն է, թե ինչպես նա դուրս գա իր ստեղծած այն թակարդից, որի մեջ ինքն էլ ընկել է, որովհետև նրա նպատակները հստակ սահմանված չէին, և մենք այդպես էլ չավարտեցինք ռազմավարության հնարավոր ուղղություններից ոչ մեկը։ Այս պահին նա ուժեղ ճնշում է զգում և հեշտ ելք չի տեսնում»»,- ասել է Բոլթոնը։

Նախկին խորհրդականի գնահատմամբ՝ Իրանի նկատմամբ ԱՄՆ վարչակազմի գործողությունները ոչ համակարգված բնույթ են կրում, իսկ հստակ ձևակերպված քաղաքական նպատակների բացակայությունը բարդացնում է իրավիճակի հետագա զարգացումը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *