Համաշխարհային բանկն իր նոր կիսամյակային զեկույցում նախազգուշացրել է համաշխարհային տնտեսության աճի տեմպերի դանդաղման մասին՝ Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմի և դրա հետ կապված էներգետիկ շուկաների ցնցումների հետնապատկերին, հայտնում է Reuters-ը։
Ըստ կանխատեսման՝ գլոբալ աճը 2026 թվականին կկազմի 2,5%, ինչը ցածր է նախորդ գնահատականներից։ Կազմակերպությունը նաև նշել է, որ էներգակիրների մատակարարումների ավելի լուրջ խափանումների և ֆինանսական շուկաներում անկայունության ուժգնացման դեպքում աճը կարող է դանդաղել մինչև 1,3%։
Բազային սցենարում Համաշխարհային բանկն ակնկալում է, որ Brent ապրանքանիշի նավթի միջին գինը կկազմի մոտ 94 դոլար՝ մեկ բարելի դիմաց, ինչը մոտ 36%-ով բարձր է 2025 թվականի մակարդակից։ Ընդ որում, ենթադրվում է, էներգիայի մատակարարումների ամենալուրջ խափանումները կսկսեն թուլանալ հուլիսի վերջին։
Առանձնահատուկ ընդգծվում է, որ ավելի ծանր սցենարի դեպքում՝ տևական խափանումների և նավթի գների մինչև 115 դոլար բարձրացման պարագայում, գլոբալ աճը կարող է նվազել մինչև 2,1%, իսկ գնաճային ճնշումը կուժեղանա։
Զեկույցում նշվում է, որ հակամարտությունը, որն սկսվել է փետրվարի 28-ին Իրանին ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած հարվածներից հետո, արդեն իսկ հանգեցրել է էներգակիրների գների բարձրացման, առանձին լոգիստիկ երթուղիների փակման և բազմաթիվ երկրներում գնաճի ուժգնացման։ Լրացուցիչ ճնշում են ստեղծում պարարտանյութերի գների աճը և պարենային ճգնաժամի ռիսկերը։
Ըստ Համաշխարհային բանկի ներկայացուցիչների՝ կանխատեսման նվազեցումը անդրադարձել է աշխարհի երկրների մոտ երկու երրորդի վրա։ Ցուցանիշների ամենաուժեղ վատթարացումը գրանցվել է Մերձավոր Արևելքի երկրներում, դրանց թվում՝ Արաբական Միացյալ Էմիրություններում և Իրաքում, որոնց տնտեսությունը կախված է էներգակիրների արտահանումից։
Զեկույցում ասվում է նաև, որ համաշխարհային տնտեսության աճը մնում է 2010-ական թվականներին բնորոշ մակարդակներից ցածր, իսկ բազմաթիվ զարգացող երկրներ բախվում են այսպես կոչված «կորուսյալ տասնամյակի» ռիսկին՝ եկամուտների թույլ աճի պատճառով։
Համաշխարհային բանկն ակնկալում է, որ հաջորդող տարիներին գլոբալ աճի տեմպերը կարող են փոքր-ինչ վերականգնվել, սակայն կմնան սահմանափակ՝ բարձր անորոշության, գնաճային ճնշման, առևտրի դանդաղման և պետական պարտքի աճի պատճառով։