Թրամփը կատաղել էր Իրանին հասցված նոր հարվածների վերաբերյալ Թեհրանի և լրատվամիջոցների արձագանքից. CNN

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս շաբաթ «կատաղել էր» այն բանից հետո, երբ հրամայել էր նոր հարվածներ հասցնել Իրանին՝ համարելով, որ ոչ Թեհրանը, ոչ էլ լրատվամիջոցները ամերիկյան ռազմական գործողությունները չեն ընկալում որպես բավականաչափ հզոր, հայտնում է CNN հեռուստաալիքը։

Ինչպես պնդում են զրուցակիցները, առաջին հարվածների արձագանքը գնահատելուց հետո, Թրամփը հրամայել է չորեքշաբթի օրը իրականացնել հարձակումների երկրորդ փուլը՝ հույս ունենալով այդպիսով իրանական իշխանություններին ստիպել ավելի արագ համաձայնել հակամարտության դադարեցման մասին դիվանագիտական համաձայնագրին։

Սակայն, ըստ նրանց, նրա վրդովմունքը պահպանվել է նաև հինգշաբթի։ Թրամփը համարում էր, որ Իրանը նախկինի պես լուրջ չի ընդունում հարվածները։ Նույն օրը նա գրառում է կատարել Truth Social սոցիալական ցանցում՝ հայտարարելով, որ նախապատրաստվում է հարձակումների նոր փուլ, որն էլ ավելի խիստ կլինի, քան նախորդները։

Աղբյուրները նշում են, որ Թրամփի մոտեցումը փոխվել է. եթե նախկինում նա խուսափում էր ապագա գործողությունների մասին ուղղակի մեկնաբանություններից, ապա այժմ նա նախապես հրապարակայնորեն հնչեցնում է ծրագրերն ու սպառնալիքները՝ ներառյալ հնարավոր հարվածները առանցքային օբյեկտներին, մասնավորապես՝ Խարգ կղզու նավթային հանգույցին։

Ըստ վարչակազմի պաշտոնյաներից մեկի՝ նա ձգտում է ցույց տալ ԱՄՆ-ի գերակայությունը և այնպիսի տպավորություն ստեղծել, որ Իրանը «կորցնում է մանևրելու հնարավորությունները»։ Միևնույն ժամանակ, Թրամփը, ինչպես պնդում են, էլ ավելի է վրդովված լրատվամիջոցներում հակամարտության լուսաբանումից, հատկապես Իրանի ռազմական կարողությունների և պատասխան հարվածներ հասցնելու նրա ներուժի մասին հրապարակումներից։

Fox News-ին հինգշաբթի տված հարցազրույցում Թրամփը ժամանակի զգալի մասը նվիրել է հակամարտության մեդիա լուսաբանման քննադատությանը, սակայն միաժամանակ հերքել է, որ վրդովված է։

«Ես վրդովված չեմ։ Ես վրդովմունք չեմ զգում»,- հայտարարել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *