Թուրքիան անօրինական է անվանել Ֆրանսիայի և Կիպրոսի միջև ստորագրված պաշտպանական համաձայնագիրը

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ֆրանսիայի և Կիպրոսի միջև ստորագրված պաշտպանական ոլորտի համաձայնագիրը խախտում է միջազգային իրավունքը և 1960 թվականի պայմանագրերի դրույթները, որոնք սահմանել են կղզու սահմանադրական կարգը, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը։

Փաստաթուղթը ստորագրվել է երկուշաբթի Նիկոսիայում և ուղղված է երկկողմ պաշտպանական համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև Եվրոպական Միության ռազմավարական ինքնավարության ընդլայնմանը։ Այն նախատեսում է Կիպրոսում ֆրանսիական զինված ուժերի տեղակայման հնարավորություն։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ավելի վաղ հայտարարել էր, որ դա կնպաստի Արևելյան Միջերկրական ծովում և Մերձավոր Արևելքում հումանիտար գործողությունների իրականացմանը։

Անկարան խստորեն դատապարտել է համաձայնագիրը՝ հայտարարելով, որ Ֆրանսիան կիպրական կարգավորման երաշխավոր չէ, իսկ կիպրահունական վարչակազմը, Թուրքիայի կարծիքով, գործում է միակողմանի՝ անտեսելով կիպրացի թուրքերի իրավունքները։

Թուրքական պաշտպանական գերատեսչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ համաձայնագիրը հակասում է ինչպես միջազգային իրավունքին, այնպես էլ 1960 թվականի պայմանավորվածություններին, որոնց վրա հիմնված է Կիպրոսի կառուցվածքը։

Նախարարությունը նախազգուշացրել է նաև, որ Թուրքիան պատրաստ է «վճռականորեն պատասխանել» կիպրացի թուրքերի անվտանգությանը սպառնացող ցանկացած վտանգի՝ հայտարարելով, որ թուրքական զինված ուժերն ունեն անհրաժեշտ հնարավորությունները թշնամական գործողություններին արձագանքելու համար։

Կիպրոսը բաժանված է 1974 թվականից ի վեր, երբ թուրքական զորքերը ներխուժեցին կղզու հյուսիս։ Ներկայում հյուսիսը վերահսկում է ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, որը ճանաչել է միայն Անկարան, մինչդեռ հարավային հատվածը ներկայացնում է միջազգայնորեն ճանաչված Կիպրոսի Հանրապետությունը, որը Եվրոպական Միության անդամ է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *