Հայտնվել է տեսանյութ, որն, ինչպես պնդում են, հակասում է հունիսի 6-ին օկուպացված Հորդանան գետի արևմտյան ափի Հեբրոն քաղաքի շրջանում 7 ամսական երեխայի՝ Սամ Աբու Հայկալը մահվան պատճառ դարձած միջադեպի վերաբերյալ Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) վարկածին, հայտնում է NBC News-ը։
Ըստ ՑԱԽԱԼ-ի հայտարարության՝ իսրայելցի զինվորականները «օպերատիվ գործունեության» ժամանակ արձանագրել են մի ավտոմեքենա, որն իբր սկսել է արագացնել ընթացքն իրենց ուղղությամբ։ Ի պատասխան՝ զինվորներից մեկը կրակ է բացել։ Բանակից հայտնել են, որ երեք պաղեստինցի վիրավորվել է և տարհանվել բուժման նպատակով։
Սակայն «Բեցելեմ» իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ իր ձեռքի տակ եղած տեսանյութերը կասկածի տակ են դնում այդ վարկածը։ Ըստ կազմակերպության պնդման՝ տեսագրության մեջ ավտոմեքենան չի արագացնում ընթացքը, այլ ընդհակառակը՝ աստիճանաբար կանգ է առնում։
Կազմակերպությունում նշել են, որ NBC News-ի տրամադրությանտակ հայտնված տեսանյութը ձայն չունի, սակայն տեսողականորեն ցույց է տալիս, որ ավտոմեքենան դանդաղեցնում է ընթացքը և կանգ առնում, այլ ոչ թե շարժվում զինվորականների ուղղությամբ։
«Բեցելեմի» ներկայացուցիչ Շայ Պարնեսը հայտարարել է, որ, իրենց գնահատմամբ, ավտոմեքենան զինվորականներից զգալի հեռավորության վրա է եղել և անմիջական սպառնալիք չի ներկայացրել։
Կազմակերպության հրապարակած մեկ այլ տեսանյութում արձանագրել են միջադեպի հետևանքները. երեխայի հայրը կանգնած է ավտոմեքենայի կողքին և գրկած է պահում արյունոտ հագուստով մանկանը՝ փորձելով դադարեցնել արյունահոսությունը։
Իսրայելի պաշտպանության բանակն իր թարմացված հայտարարության մեջ հայտնել է, որ տեղի ունեցածին վերաբերվում է «ամենայն լրջությամբ» և ցավում է չառնչվող քաղաքացիական անձանց հասցված վնասի համար։ Բանակում նաև հստակեցրել են, որ միջադեպը քննում է ռազմական ոստիկանությունը՝ քրեական վարույթի շրջանակում։
Հետաքննությունը շարունակվում է։