Կանադական Տորոնտոյում հինգշաբթի ոստիկան է սպանվել գործողության ժամանակ, որը կապված էր մարտին ԱՄՆ հյուպատոսության շենքի վրա տեղի ունեցած զինված հարձակման հետաքննության հետ, հայտնում է Associated Press-ը։
Ոստիկանության տվյալներով՝ կասկածյալներից մեկը՝ 19-ամյա մի երիտասարդ, ձերբակալվել է և գտնվում է հիվանդանոցում՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Երկրորդ կասկածյալը՝ 19-ամյա Զառա Ջաբբին, մնում է ազատության մեջ և համարվում է զինված ու վտանգավոր։ Ոստիկանությունը նրան կոչ է արել կամավոր հանձնվել։
Զոհվածը ոստիկանության 43-ամյա սպա Մարկ Պինիզոտոն է, որն իրավապահ մարմիններում ծառայել էր 18 տարի։ Նա ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոցում։
Ոստիկանությունից հայտնել են, որ հետաքննությունը կապված է մի շարք զինված միջադեպերի հետ, դրանց թվում՝ մարտին Յունիվերսիթի ավենյուում գտնվող ԱՄՆ հյուպատոսության վրա հարձակման, երբ երկու հոգի ավտոմեքենայից կրակ էին բացել շենքի ուղղությամբ և փախուստի դիմել։ Այդ հարձակման հետևանքով տուժածներ չեն եղել, սակայն շենքի ճակատային մասը վնասվել էր։
Քննիչները գործը կապում են նաև մի շարք այլ զինված դրվագների հետ, ներառյալ մեկ շաբաթ առաջ Տորոնտոյի շրջանի սինագոգների ուղղությամբ տեղի ունեցած կրակոցները։
Ոստիկանության տվյալներով՝ սպան գնդակահարվել է բնակարանում՝ խուզարկություն իրականացնելու ժամանակ։ Իշխանությունները հայտնել են, որ կասկածյալն առաջինն է կրակ բացել։
Տորոնտոյի քաղաքապետ Օլիվիա Չոուն ցավակցություն է հայտնել՝ նշելով, որ լավ է ճանաչում զոհված սպայի մորը, և ընդգծել է, որ այս ողբերգությունն ազդել է ամբողջ քաղաքի վրա։