Համաշխարհային շուկաները աճով են արձագանքել, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանին հասցվելիք հարվածների չեղարկման մասին, հայտնում է CNN-ը։
Այս հայտարարության հետնապատկերին ամերիկյան ֆոնդային ինդեքսները կտրուկ աճել են։ Dow Jones ինդեքսն աճել է 810 կետով կամ 1,62%-ով՝ հետ բերելով տարեսկզբից ի վեր վատթարագույն առևտրային օրվանից հետո կրած կորուստների մի մասը։ S&P 500 ինդեքսը բարձրացել է 1,3%-ով, իսկ տեխնոլոգիական Nasdaq-ն աճել է 1,8%-ով։
Միաժամանակ նվազել են նավթի գները։ Brent տեսակի նավթի արժեքն ընկել է 3,7%-ով՝ մեկ բարելի դիմաց 90 դոլարից ցածր, իսկ ամերիկյան WTI նավթը էժանացել է 3,6%-ով՝ իջնելով 87 դոլարից ցածր։
Վերլուծաբանների կարծիքով՝ նավթի գների նվազումը թուլացրել է գնաճի հետագա արագացման և դրամավարկային քաղաքականության հնարավոր խստացման վերաբերյալ ներդրողների մտահոգությունները։ Դա միաժամանակ հանգեցրել է ամերիկյան պետական պարտատոմսերի եկամտաբերության նվազմանը։
Շուկայի մասնակիցները վերջին օրերին ուշադիր հետևում էին Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտության զարգացմանը։ Հարվածների չեղարկման մասին լուրն ընկալվել է որպես լարվածության թուլացման ազդանշան, ինչը նպաստել է բաժնետոմսերի նկատմամբ պահանջարկի աճին և ֆինանսական շուկաներում լարվածության նվազմանը։