
Մենք շատ լավ գիտենք, թե ոնց են ձևավորվել ձեր «օրգանիկ» ձայները: Դժվար չէ անալիզ անել, թե դրա քանի տոկոսն են կազմում մեր հարկերից սնվող պարազիտները (մի 5 -10 տոկոս), որոնք 18-ից առաջ սուրճ խմելու փող չունեին, հիմա պետական կերակրատաշտից չզրկվելու համար ամեն ինչի պատրաստ են: Մի 10 տոկոսը սարսափը հոգում ապրող մարդիկ են, որոնք գենետիկ վախ ունեն համայնքապետ- մարզպետ- տասովշիկների ոհմակից: Մի 10 տոկոսը ցանկացած փոփոխությունից վախեցողներն են, որոնք «փորձած թանն անփորձ մածունի հետ չեն փոխում»: Մի 10 տոկոսը թոշակ-վիրահատություն- պետական աջակցություն-«ընտրակաշառքով» շլացածներն են: Մի 10 -15 տոկոս էլ գումարվել է տարբեր խարդախություններով, զեղծարարությամբ (թվերի խաղ, բացակաների փոխարեն ընտրություն և այլն)…ու էս արդյունքը մարդը համարում է հաղթանակ…
Իհարկե, շատ լավ կլիներ, որ մարդիկ չվախենային, չկաշառվեին, չխաբվեին հազար անգամ իրենց խաբած մարդու ասածներին: Գիտակցեին, որ ոչ մի կտրուկ, առավել ևս բացասական փոփոխություն չի լինելու` եթե իշխանություն փոխվի: Հասկանային, որ 8 տարի հանրությանն այսքան տեռորի ենթարկած, ավերածություն, ատելություն սերմանած, ազգը պառակտած, եկեղեցու վրա հարձակված մարդն ու իր թիմը` վերընտրվելով շատ վտանգավոր ու անկառավարելի են դառնալու: Վտանգավոր` անխտիր բոլորի համար:
Ինչն, ի դեպ, այսօր արդեն երևաց. մի մարդ, որ կասկածելի ընտրություններով մի կերպ հաղթանակ է կորզել, հրաժարվելով իր ամենավերջին խոստումից` մաքուր ընտրություններից, ինչքան պետք է անադեկվատ լինի, որ անձամբ դատավճիռներ արձակի` էսինչը 10 տարի է նստելու, ընտրակաշառքի համար կալանավորվածները մինչև 2031 թվի ընտրություններն են նստելու:
Իսկ մեր լրագրողի հարցին, թե` ինչու՞ եք անմեղության կանխավարկած խախտում, պատժաչափեր հնչեցնում, դատավորներին հրահանգներ տալիս, ասի` լավ եմ անում… իբր` ինչ որ անհայտ հանրություն նման պատվեր է իջեցրել, որ իր թշնամիները պետք է պատժվեն ու ինքը կարող է «եթե պետք է` հրապարակում էլ դատ անի»…
էն Եվրոպացի թվիթ անողները, որ ողջունում են հայ ժողովրդին` «ժողովրդավարությունն ընտրելու համար, տեսնես` լսու՞մ են սրան… տեսնու՞մ են` ոնց է մի ամբողջ կուսակցություն մանիպուլյացիաներով դուրս թողնում խորհրդարանից, որ բացարձակ իշխանություն ունենա…
Նորից արձանագրենք, որ 49 տոկոսը մեր հանրության կեսից պակասն է, որի մեջ դժվար է ասել` կա՞ն արդյոք առանց կեղծիքի ու բռնության ստացված մաքուր ձայներ: Իսկ մեր հանրության լավագույն կեսը` կեսից ավելին, մերժել է սահմանադրական կարգը բազմիցս տապալած այս մարդուն:
Բայց նաև արձանագրենք, որ անկախ նրանից, թե ինչպես է ՔՊ-ն այդ ձայները ստացել, 30 %-ն էլ շատ շատ է….հուսահատեցնող շատ: Ուրեմն մեր շուրջն այդքան շատ են հիմար, չար, հայհոյանք ու ապօրինություն սիրող մարդիկ: Այդքան մարդ ինքնապաշտպանական բնազդ, տարրական իրավագիտակցություն չունի և չի գիտակցում, թե ինչ վտանգ է իրենից ներկայացնում 26-ին վերարտադրվող ՔՊ-ն` իր ղեկավարով: Վտանգ յուրաքանչյուրիս և մեր պետության համար…
Վաղը, եթե ձեր անմեղ մերձավորը բանտում հայտնվի, Ռուսաստանում ապրող հարազատը դադարի փող ուղարկել, զրկվեք աշխատատեղից ու եկամտից…գազը, ծխախոտը, խմիչքը թանկանան… հարկերն աճեն, անկլավի անվան տակ էլի հողեր հանձնեն թշնամուն…ադրբեջանցիները Երևանի կենտրոնում ձեր կողքին գարեջուր ու գինի խմեն, Ծիծեռնակաբերդը պղծեն… մեղադրեք այն 700 հազարին, որ հունիսի 7-ին սրանց քվե տվեցին…