Արման Թաթոյանի հրապարակած ձայնագրությունների հիման վրա քրեական վարույթներ են նախաձեռնվել

Երկու քրեական վարույթ է նախաձեռնել «Միասնության թևեր» կուսակցության ղեկավար Արման Թաթոյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա։ Այս մասին NEWS.am–ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ Գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ Արման Թաթոյանը նախընտրական շրջանում իշխանության կողմից վարչական ռեսուրսի կիրառման մասին փաստող ձայնագրություններ էր հրապարակել և հաղորդումներ ներկայացրել Գլխավոր դատախազություն։

Հրապարակված ձայնագրություններից մեկում Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոսներից մեկը՝ Արմավիրի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լուսինե Գրիգորյանն ուսանողներին պարտադրում էր մասնակցել «Քաղաքացիական պահմանագրի» ամփոփիչ հանդիպմանը։ «Նրանք, ովքեր ունեն այդ հնարավորությունը գալու, նամանավանդ քաղաքի բնակիչներին, խնդրում եմ, ես էլ եմ գալու՝ ժամը 5-ին հրապարակում: Ինձ հանձնարարել են, որ ես ասեմ, ես էլ ձեզ եմ հանձնարարում: Այնպես չլինի, որ ես գնամ կանգնեմ հրապարակում ու տեսնեմ, որ իմ երկու խմբից ոչ մեկ չկա: Նայեք, տեսեք, ես պետք է իմ տնօրինության երեսը պարզ անեմ, դուք էլ՝ իմ»,- ասվում է ձայնագրությունում:

Այս ձայնագրության առնչությամբ, ինչպես NEWS.am–ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից, քրեական վարույթ է նախաձեռնվել քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով՝ այն է՝ օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով։

Մյուս ձայնագրությունը Թաթոյանը հրապարակել էր Հանրային հեռուստաընկերության եթերում հարցազրույցի ժամանակ։ Ըստ ձայնագրության՝ Մարտունի համայնքի կրթության բաժնից զանգահարել են մանկապարտեզների տնօրեններին ու պարտադրել, որ գնան ՔՊ կենտրոնական գրասենյակի բացմանը։ «Բարև ձեզ, հարգելի՛ տնօրեններ, այսօր ժամը 7-ին Մարտունի քաղաքում բացվելու է ՔՊ կենտրոնական գրասենյակը, ուստի խնդրում եմ ձեր տղամարդ աշխատակիցներին տեղյակ պահեք, որ անպայման ներկա լինեն»,- լսվում է ձայնագրության մեջ։

Երկրորդ ձայնագրության առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել 236–րդ հոդվածի 3-րդ մասով՝ այն է՝ Օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով` որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *