Շիկահողի արգելոցում վնասի գնահատման ուսումնասիրությունն առկախվել է՝ սահմանազատման պատճառով.Մաթևոսյան

Շիկահողի արգելոցում վնասի գնահատման ուսումնասիրությունն այս պահին առկախվել է՝ սահմանազատման աշխատանքների իրականացման համար։ Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը՝ անդրադառնալով լրագրողի հարցին այն մասին՝ արդյոք Հայաստանը դիմել է Ադրբեջանին՝ պահանջելու, որպեսզի դադարեցնեն ծառահատումները արգելոցի տարածքում։

Նշենք, որ Հայաստանի Սյունիքի մարզում՝ Շիկահողի արգելոցի տարածքում, ադրբեջանական դիրքերի, ամրաշինական աշխատանքների և ճանապարհների բացման համար մոտ 60 հա անտառ է հատվել։

«2021 թվականին մենք սահմանամերձ հատվածներում ունեցել ենք էկոհամակարգի խաթարում, արգելոցի էկոհամակարգը խաթարվել է։ Ես տեղեկացված եմ, որ այդ ժամանակահատվածում փորձ է եղել երկու կողմից ուսումնասիրել վնասները, բայց քանի որ այս պահին ունեցած իրավիճակը մեզ հնարավորություն չի տալիս, որ ավելի խորը ուսումնասիրություն, վնասի գնահատում իրականացնենք, այդ հարցը առկախվել է այլ շատ կարևոր հարցի պատճառով՝ սահմանազատման աշխատանքների իրականացման համար»,–նշեց նախարարը։

Լրագրողի ճշտող հարցին այն մասին՝ արդյոք էկոհամակարգի խաթարում ասելով նախարարը նկատի ունի նաև ծառահատումները, Մաթևոսյանը պատասխանեց․

«Որպեսզի մենք հնարավարություն ունենանք նման գնահատում անելու համար․․․ այդ հատվածում՝ կոնկրետ Ներքին Հանդի, և Սյունիքի մյուս սահմանամերձ հատվածներում ռազմական իրավիճակից հետո եղել են որոշակի դիրքերի փոփոխություններ։ Ես ավել, ցավոք սրտի, չեմ կարող մեկնաբանել»։

Ճշտող հարցին՝ այսինքն հնարավոր չի՞ եղել համագործակցել Ադրբեջանի հետ, Մաթևոսյանը պատասխանեց, որ չի ցանկանում դուրս գալ իր լիազորությունների տիրույթից և միջամտել ՀՀ ազգային անվտանգության հարցերին։

Նա հայտարարել է, որ որպես Շրջակա միջավայրի նախարար իր համար բնապահպանական հարցերը կարևոր են, սակայն որպես ՀՀ քաղաքացի, որպես կառավարության անդամ առավել կարևորում է խաղաղության օրակարգը։

«Եվ ես վստահ եմ, որ երբ դե ֆակտո խաղաղությունը հաստատվի դե յուրե և մենք ամբողջությամբ ունենանք սահմանազատված սահմաններ մեր հարևանների հետմ այդ ժամանակ այն միջազգային հարթակներում, որտեղ ես հանդես եմ գալիս որպես COP նախագահ, նաև այդ հնարավարությունը կօգտագործեմ, որպեսզի գործընկերների հետ սկսենք աշխատել, քննարկել, առաջարկություններով հանդես գալ, որպեսզի, օրինակ, անդրսահմանային հատվածներում իրականացնենք միասնական բնապահպանական ծրագրեր»,–հավելեց նա։  

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *