Նախարար․ Հայաստանի բոլոր խոշոր ջրամբարներում գրանցվել է լցվածության բարձր մակարդակ

2025 թվականի վերջին և 2026 թվականի ընթացքում առատ տեղումների արդյունքում Հայաստանի բոլոր խոշոր ջրամբարներում հաջողվել է գրանցել լցվածության բարձր մակարդակ։ Այս մասին հունիսի 12-ին հայտնել է գերատեսչության ղեկավար Դավիթ Խուդաթյանը՝ խորհրդարանի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ։

Միաժամանակ, ինչպես նշել է նախարարը, կան վայրեր, որտեղ արդեն իրականացվել է ավելցուկային ջրի բացթողում։

Խուդաթյանի խոսքով՝ ջրամբարների լցվածության ընթացիկ ցուցանիշները դրական են և նպաստավոր պայմաններ են ստեղծում ջրային ռեսուրսների կառավարման համար։

Նախարարը նաև անդրադարձել է Վեդու ջրամբարի հարցին՝ նշելով, որ այնտեղ շարունակվում են շահագործման նախապատրաստական աշխատանքները։

Նրա խոսքով՝ ջրամբարի լցման և դատարկման գործընթացներն իրականացվում են փուլային եղանակով՝ ամբարտակի և հատակի անհրաժեշտ ամրությունն ապահովելու նպատակով։

Վեդու ջրամբարը Հայաստանի ամենախոշոր ջրամբարն է, որի կառուցումն ավարտվել է 2025 թվականի սկզբին։ Ջրամբարի լցման առաջին փուլը պաշտոնապես սկսվել է 2025 թվականի ապրիլին։

«Մենք փուլ առ փուլ ենք կառավարում լցման-դատարկման գործընթացը, որպեսզի ամբարտակն ու հատակը ձեռք բերեն ջրամբարի ամբողջական լցման համար անհրաժեշտ ամրությունը»,- ասել է Խուդաթյանը։

Նրա խոսքով՝ այս տարի Վեդու ջրամբարում իրականացվել են ինչպես լցման, այնպես էլ ջրի բացթողման աշխատանքներ, ինչը բնական տեխնոլոգիական գործընթաց է։

Անդրադառնալով Կապսի ջրամբարի կառուցման նախագծին՝ նախարարը հայտնել է, որ նախագծային աշխատանքները շարունակվում են։

Նրա խոսքով՝ չինական կապալառուի հետ պայմանագրի խզումից հետո սկսվել է նոր նախագծի մշակումը, որը նախատեսում է մոտավորապես 2,5 անգամ ավելի մեծ ծավալ, քան նախորդ տարբերակում էր։

Շիրակի մարզում Ախուրյան գետի վրա Կապսի ջրամբարի շինարարությունը ներկայում դադարեցված է, քանի որ 2025 թվականի դեկտեմբերին Հայաստանի կառավարությունը նախաձեռնել է պայմանագրի խզման գործընթացը կապալառուի՝ չինական Shanxi Construction Investment Group ընկերության հետ՝ պայմանագրային պարտավորությունները չկատարելու և աշխատանքների կատարման ժամկետները չպահպանելու պատճառով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *