Հնդկաստանը սկսել է ակտիվորեն գնել ռուսական նավթը Ուկրաինա ՌԴ ներխուժումից հետո, քանի որ այդ մասին խնդրել էր ԱՄՆ-ը, հայտնել է հանրապետության արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը, գրել է Bloomberg-ը։ Նրա խոսքով՝ այդ կերպ Վաշինգտոնը փորձում էր խուսափել էներգակիրների գների կտրուկ աճից։ «Այդ ժամանակ ԱՄՆ-ը հատուկ խնդրում էր Հնդկաստանին գնել ռուսական նավթ՝ նավթային շուկան կայունացնելու համար», — ասել է Ջայշանկարը։
Նա հիշեցրել է, որ 2022 թվականին ԱՄՆ-ը Ուկրաինայում պատերազմի պատճառով պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի դեմ, ապա սահմանեց նաև նավթի առավելագույն գինը, և հենց այդ ժամանակ էլ Հնդկաստանը դարձավ խոշոր գնորդ։ «Այդ պահին շուկայում հասանելի նավթի մեծ մասը գալիս էր Ռուսաստանից, որովհետև եվրոպացիները գնում էին Մերձավոր Արևելքի նավթը, որը մեր ավանդական մատակարարն էր։ Հանգամանքները մեզ մղեցին որոշակի ուղղությամբ», — ընդգծել է նախարարը։ Այս ֆոնին Ջայշանկարը քննադատել է ԱՄՆ պատժամիջոցները ռուսական նավթի նկատմամբ։ «Եկեք չձևացնենք, թե այստեղ խոսքն ինչ-որ բարձր սկզբունքների մասին է։ Չեմ կարծում, թե կեղծավորությունն այստեղ տեղին է», — ասել է նա։
2024 թվականին Հնդկաստանում ԱՄՆ նախկին դեսպան Էրիկ Գարսեթին ասում էր, որ հանրապետությունը ռուսական նավթը գնում էր մեկ բարելը 60 դոլար գնային շեմի սահմանումից հետո, որովհետև դա էին ցանկանում ամերիկացիները։ «Սա խախտում չէր. հենց սա էր մտահղացումը. մենք չէինք ուզում, որ այս ապրանքի գինը բարձրանար», — պարզաբանել է նա։
2025 թվականին Հնդկաստանը Ռուսաստանից օրական միջինը գնում էր 1,7 մլն բարել, իսկ ամռանը ներմուծումը հասնում էր 2 մլն-ի։ Օգոստոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել էր հանրապետությանն այն բանում, որ վաստակում է ռուսական հումքի վերավաճառքից և փաստացի ապահովում է Կրեմլին արտարժութային եկամուտ՝ Ուկրաինայի դեմ պատերազմը շարունակելու համար։ Դրանից հետո Վաշինգտոնը լրացուցիչ 25-տոկոսանոց մաքսատուրք սահմանեց հնդկական արտահանման վրա։
Ավելի ուշ կողմերը հասան առևտրային համաձայնության, որի շրջանակում այդ միջոցը չեղարկվեց։ Հնդկաստանը սկսեց կրճատել ռուսական նավթի գնումները, և 2026 թվականի փետրվարին դրանք իջան օրական 1,1 մլն բարելից ցածր՝ հասնելով 2022 թվականի սեպտեմբերից ի վեր նվազագույն մակարդակին։
Սակայն այնուհետև ԱՄՆ-ը ժամանակավորապես թուլացրեց ռուսական նավթի ծովային մատակարարումների նկատմամբ պատժամիջոցներն Իրանում պատերազմի պատճառով, որը տարածվել էր ամբողջ Մերձավոր Արևելքում և ազդել շուկայի խոշոր մասնակիցների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Կատարի վրա։ Այս ֆոնին մայիսին հնդկական ընկերությունները ավելացրին ռուսական նավթի գնումները մինչև ռեկորդային մակարդակ՝ օրական 2,25 մլն բարել։