Մենք այսօր պետք է գտնվեինք Վերին Լարսում և ուղիղ եթերում ցույց տայինք, թե ինչ խայտառակ իրավիճակ է այնտեղ հայկական բեռնատարների և գյուղմթերքի արտահանման հետ կապված։ Այս մասին հունիսի 12-ին Facebook-ի իր էջում հրապարակված տեսաուղերձում հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։ Կարապետյանի խոսքով՝ այցը նախատեսված էր որպես «Armat Media»-ի հետ համատեղ նախագիծ, որի նպատակը սահմանին տիրող ճգնաժամի իրական մասշտաբները ցույց տալն էր, որտեղ բեռնատարների խցանումը ձգվել է մոտ 15 կիլոմետր։ Սակայն, ինչպես նշել է Կարապետյանը, սահմանապահ ծառայությունները նրան տեղեկացրել են սահմանամերձ գոտի այցելելու արգելքի մասին, և նրա նկատմամբ սահմանվել են համապատասխան սահմանափակումներ։
«Սահմանապահ ծառայությունները մեզ տեղեկացրին, որ իմ այցն այնտեղ արգելված է, և իմ նկատմամբ սահմանափակումներ են դրված, «Armat Media»-ն դա կանի»,– ընդգծել է Նարեկ Կարապետյանը։ Նա հավելել է, որ, չնայած արգելքին, «Armat Media»-ի նկարահանող խումբը կշարունակի աշխատել տեղում, մինչդեռ ինքը՝ Կարապետյանը, «այստեղից կհետևի պրոցեսներին»։