Դաշնային դատավորը ուրբաթ երկարաձգել է դատական արգելքի գործողությունը 1,8 միլիարդ դոլար ծավալով հիմնադրամի ստեղծման և գործունեության վրա, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր էր օգտագործել պետության չարաշահումներից տուժելու մասին հայտարարությոն արած մարդկանց վճարումներ կատարելու համար, հայտնում է Associated Press-ը։
Այս ամսվա սկզբին գլխավոր դատախազի պաշտոնակատար Թոդ Բլանշը Կոնգրեսին հայտնել էր, որ կառավարությունը հրաժարվում է հիմնադրամի ստեղծման ծրագրերից՝ երկկուսակցական կտրուկ քննադատության պայմաններում։ Սակայն հայցվորների ներկայացուցիչները հայտարարել են, որ նման հավաստիացումները բավարար չեն համարում։
ԱՄՆ շրջանային դատարանի դատավոր Լեոնի Բրինկեման որոշել է պահպանել հիմնադրամի արգելափակումը մինչև դատարանի հետագա որոշումը՝ մերժելով կառավարության փաստարկներն, ըստ որոնց գործը կորցրել է իր արդիականությունը։
«Այն փաստարկը, թե գործն իմաստազրկվել է, ըստ իս, ոչ մի տեղ չի տանում»,- հայտարարել է դատավորը։
Ավելի վաղ դատարանն արդեն ժամանակավորապես առնվազն երկու շաբաթով կասեցրել էր հիմնադրամի իրագործումը, իսկ նախորդ արգելքի ժամկետը լրանում էր ուրբաթ։
Հիմնադրամը ստեղծել էր Թրամփի վարչակազմը՝ ԱՄՆ Ներքին եկամուտների ծառայության (IRS) դեմ դատական հայցը կարգավորելու համար, որն առնչվում էր նրա հարկային հայտարարագրերի արտահոսքի հետ։
Նախաձեռնությունը վիճարկող հայցվորները պնդում են, որ պետությունը չի կարող օրինականորեն բյուջետային միջոցներն ուղղել մի հիմնադրամի, որն իրենք անվանում են «Թրամփի դաշնակիցներին փոխհատուցելու հնարավոր քաղաքական գործիք»։
Վաշինգտոնում ընթացող զուգահեռ դատավարության ժամանակ մեկ այլ դատավոր հրաժարվել է ժամանակավորապես արգելափակել հիմնադրամի աշխատանքը՝ ընդունելով Արդարադատության նախարարության դիրքորոշումն այն մասին, որ հարցը կորցրել է արդիականությունը։
Միաժամանակ, դատավորները նշել են, որ գործի նյութերում մնում են չլուծված հարցեր, դրանց թվում՝ հիմնադրամից լիովին հրաժարվելու մասին պաշտոնական որոշման բացակայությունը և դրա հետագա կարգավիճակի անորոշությունը։
Հիմնադրամն այդպես էլ չի սկսել լիարժեք աշխատանքը. չի ձևավորվել հանձնաժողովը, որը պետք է որոշեր վճարումների չափանիշները, և ոչ մի հայտ չի ընդունվել։
Առանձնահատուկ նշվում է, որ քննարկումների թիրախում հնարավոր հայտնվածների թվում հոլովվում էին նաև 2021 թվականի հունվարի 6-ի իրադարձությունների մասնակիցների անունները, սակայն ծրագրին նրանց հնարավոր մասնակցության չափանիշները պաշտոնապես չեն սահմանվել։