Իրանն ու ԱՄՆ-ն անցնում են փուլային բանակցությունների. Թեհրանը պահանջներն անընդունելի է համարում

Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացն ընթանում է երկու փուլով՝ ընդգծելով, որ այս փուլում միջուկային ծրագրի վերաբերյալ ամերիկյան պահանջները Թեհրանի համար «լիովին անընդունելի են», հաղորդում է Tehran Times-ը։

Նրա խոսքով՝ ենթադրյալ փոխըմբռնման հուշագիրը ներառում է դրույթներ բոլոր ուղղություններով, դրանց թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների դադարեցման մասին, ընդ որում՝ Իրանն ընդգծում է, որ «երբեք չի հրաժարվի Լիբանանից»։

Նա նշել է նաև, որ հնարավոր համաձայնությունների շրջանակում ԱՄՆ-ն պարտավորվում է ռազմական գործողություններ չսկսել և չդիմել սպառնալիքների, իսկ կողմերը պետք է հարգեն միմյանց ինքնիշխանությունը և ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը՝ «լիովին իրավահավասար հիմունքներով»։

Իրանի ԱԳՆ ղեկավարը հայտնել է, որ քննարկումներում ներառված են Հորմուզի նեղուցին, ծովային շրջափակման վերացմանը, ինչպես նաև վերակառուցման և տնտեսական զարգացման ապագա մեխանիզմներին վերաբերող հարցեր։ Նրա խոսքով՝ համաձայնեցվել է նաև սառեցված իրանական ակտիվների վերաբերյալ մեխանիզմը։

«Կողմերը հարգելու են միմյանց ինքնիշխանությունը։ 47 տարվա մեջ առաջին անգամ Ամերիկան կհարգի Իրանի ինքնիշխանությունը և չի միջամտի մեր ներքին գործերին», — հայտարարել է նա։

Արաղչին հավելել է, որ բանակցությունների ընթացիկ փուլը վերջնական համաձայնագիր չէ։

«Այս անգամվա տարբերությունը նախորդ համաձայնագրերի համեմատ այն է, որ մենք դեռ չենք հասել վերջնական գործարքի։ Սա առաջին փուլն է։ Եթե առաջին փուլի պայմանները չկատարվեն, մենք չենք անցնի երկրորդին»,- ասել է դիվանագետը։

Միևնույն ժամանակ նախարարն ընդգծել է, որ Իրանը ելնում է անցյալի համաձայնությունների փորձից և ակնկալում է հնարավոր դժվարություններ դրանց իրագործման փուլում։

«Մյուս կողմի բնույթն է՝ դրժել խոստումները։ Կատարման փուլում նրանք բազմաթիվ խնդիրներ են ստեղծում։ Մենք ունենք դրա փորձը։ Պետք է սպասենք տարբեր խոչընդոտների։ Մենք գործ ունենք սուբյեկտների հետ, որոնք չեն կատարում պարտավորությունները, և պետք է փակենք նրանց ճանապարհը դեպի դա»,- պարզաբանել է Աբաս Արաղչին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *