Գիտնականները Հնդկական օվկիանոսի հարավարևելյան հատվածում հայտնաբերել են կետերի հսկայական «գերեզմանոց», որը Դիամանտինայի բեկվածքային գոտու երկայնքով ձգվում է մոտ 1 200 կիլոմետր։ Հետազոտողների խոսքով՝ սա Երկրի վրա հայտնի կետերի մնացորդների ամենամեծ, ամենախոր և, հավանաբար, ամենահնագույն կուտակումն է։ Հայտնաբերված ոսկորներից մի քանիսը ծովի հատակին մնացել են ավելի քան 5,3 միլիոն տարի։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում։
Հայտնագործությունը կատարել է գիտնականների միջազգային խումբը Չինաստանից, Իտալիայից և Նոր Զելանդիայից, խորջրյա արշավների ընթացքում, օգտագործելով «Ֆենդոու-չժե» բնակեցվող սարքը։ 32 սուզումների ընթացքում՝ 4 200-7 000 մետր խորություններում, հետազոտողները հայտնաբերել են կետերի բրածո մնացորդներով 476 տեղամաս և համեմատաբար վերջերս սատկած կետերի հինգ դիակ, որոնք մինչ այժմ կյանք են ապահովում խորջրյա օրգանիզմների ամբողջ համայնքների համար։
Առանձնահատուկ հետաքրքրություն է առաջացրել այն փաստը, որ ծովի հատակին կողք կողքի գտնվում են տարբեր դարաշրջանների մնացորդներ․ հնագույն քարացած մնացորդների կողքին կան համեմատաբար ժամանակակից կմախքներ։ Սա ստեղծում է օվկիանոսային կյանքի յուրօրինակ տարեգրություն, որն ընդգրկում է միլիոնավոր տարիներ։ Գիտնականները նաև նկարագրել են վերացած կետի նոր տեսակ՝ Pterocetus diamantinae։
Երբ կետը սատկում է, և նրա մարմինը իջնում է օվկիանոսի հատակը, առաջանում է այսպես կոչված «կետային անկում»՝ եզակի էկոհամակարգ, որը կարող է գոյատևել տասնամյակներով։ Դիակը դառնում է սննդի աղբյուր բազմաթիվ օրգանիզմների համար՝ բակտերիաների, փափկամարմինների, ծովաստղերի, որդերի և խեցգետնանմանների։ Դիամանտինայի շրջանում հետազոտողները հայտնաբերել են նման էակների բազմաթիվ համայնքներ, ընդ որում դրանցից շատերը կարող են նոր լինել գիտության համար։
Թե ինչու է հենց այստեղ կուտակվել այդքան շատ մնացորդ՝ առայժմ վերջնականապես պարզ չէ։
Գիտնականները ենթադրում են, որ դեր են խաղացել միանգամից մի քանի գործոններ․ այս տարածքով կարող էին անցնել կետերի հին միգրացիոն ուղիները, օվկիանոսի հատակի V-աձև ռելիեֆը նպաստել է դիակների կուտակմանը, իսկ նստվածքների կուտակման ծայրահեղ ցածր արագությունը թույլ է տվել, որ ոսկորները միլիոնավոր տարիներ պահպանվեն մակերեսին։
Հատկապես լավ են պահպանվել կտցաքիթ կետերի ամուր ոսկորները, որոնք դիմացկուն են եղել քայքայման նկատմամբ։
Հայտնագործությունը կարևոր է ոչ միայն հնէաբանության համար։ Այն ցույց է տալիս, թե որքան քիչ բան գիտի մարդկությունը օվկիանոսի խորությունների մասին։
Հետազոտողները կարծում են, որ կետերի նման «նեկրոպոլիսներ» կարող են գոյություն ունենալ նաև համաշխարհային օվկիանոսի այլ շրջաններում՝ մնալով թաքնված ջրի կիլոմետրերի տակ։
Բացի այդ, հայտնագործությունն օգնում է հասկանալ խորջրյա էկոհամակարգերի էվոլյուցիան և կետերի դերն ածխածնի հսկայական ծավալներն օվկիանոսի հատակ տեղափոխելու գործում։